Սաշուր Քալաշյան. «Համախմբումն իմաստավորում է մեկ ազգ հասկացողությունը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը Հայաստանում կատարվող իրադարձությունները, քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ գրանցած արդյունքները հաղթանակ է համարում:
«Ես ուրախ ու հպարտ եմ այդ հաղթանակի համար ու մինչև վերջ կանգնած եմ այդ հաղթանակի թիկունքին: Պայքար է գնում Հայաստանում կարգապահություն և օրինականություն հաստատելու համար: Հիմնական նպատակը դա է, ուրիշ ոչ մի նպատակ չկա: Այն, ինչ իրենք ասել ու հայտարարել են, առողջ մտածելակերպի արդյունք է, ուրիշ ոչինչ»,– անդրադառնալով «Իմ քայլը» նախաձեռնության գործողությունների ծրագրին, «Փաստ»–ի հետ զրույցում ասաց ճարտարապետը:
«Ես վաղուց էի սպասում, որ ժողովուրդը մի օր նման միասնականություն է դրսևորելու: Թեև այդ միասնականությունը մինչ այդ էլ պարբերաբար դրսևորվում էր, բայց այսպիսի համաժողովրդական համախմբում դեռ վաղուց չէր եղել: Այս համախմբումը ուղղակի հպարտություն է առաջացնում և իմաստավորում է մեկ ազգ հասկացողությունը: Առավել ևս, երբ այդ ամբողջ գործընթացների հիմնական դերակատարները երիտասարդներն են, այլ ոչ թե մենք՝ ավագ սերունդը: Մենք մեր ճանապարհն անցել ենք՝ մեր բոլոր դրական ու բացասական կողմերով: Երիտասարդները հիմա բացասական կողմ չունեն և պատրաստ են ցանկացած օգտակար գործ անել հայրենիքի համար, ինչպես նաև՝ նվիրվել հայրենիքին: Վիգեն Սարգսյանը ազգ–բանակ հասկացողությունը դրեց շրջանառության մեջ: Հիմա ազգ–բանակի ենք ականատես լինում: Ժողովուրդը որպես ազգ–բանակ՝ դուրս է եկել իր պետությունը պաշտպանելու»,– ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ այս պարագայում յուրաքանչյուր ուժի կիրառում ժողովրդի նկատմամբ՝ ուղղակի նոնսենս է:
«Հիմա ներկա իշխանությունը ճանապարհներ է փնտրում, որ հասկանա, թե ինչպես կարող է ձախողել, խանգարել ու վարկաբեկել շարժումը: Իրենք ուրիշ քայլերի ընդունակ չեն ու ընդհանրապես չեն ուզում այլ քայլեր անել: Նրանց հոգեբանությունն և փիլիսոփայությունն այլ է: Նրանք իրենց բիզնեսի տերն են, որտեղ գործնականում բարոյականությունը ոչ եղել է, ոչ էլ լինելու է: Ուզում եք մտածեն Հանրապետության հրապարակում կանգնածի հոգեբանությա՞մբ: Չեն կարող: Իսկ նրանց հետ բանակցությունը որևէ արդյունք չի տա՝ նրանց պարզապես պետք է վտարել»,– շեշտեց ճարտարապետը:
Նրա խոսքով՝ նախաձեռնությունն իր որդեգրած գաղափարը Նիկոլ Փաշինյանի առանջորդությամբ հավասարակշռված առաջ է տանում. «Պետք է անել այն, ինչ մինչև հիմա է արվել: Ուրիշ կերպ չի կարող լինել: Բաց ձեռքերի գաղափարն ամենահամոզիչն է բոլորի՝ այդ թվում նաև աշխարհաքաղաքական կենտրոնների համար: Այդ ճանապարհն ամենաճիշտն է, որը մինչև հիմա էլ վարպետորեն իրականացվում է»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում