Շատ կարևոր ճակատամարտում մենք բացարձակ հաղթանակ ենք տարել, բայց պատերազմը դեռ շարունակվում է
«Շատ կարևոր ճակատամարտում մենք բացարձակ հաղթանակ ենք տարել, բայց պատերազմը դեռ շարունակվում է, որովհետև շարժումը հրապարակից տեղափոխվում է խորհրդարան։ Ահա այստեղ է, որ և՛ Նիկոլը, և՛ նրա համախոհներն արդեն տեսնում են այն բոլոր վտանգները, որոնք իրենց մեջ պարունակում են խորհրդարանի այսօրվա կազմը։ ՀՀԿ—ն չի զիջելու, նրանք մինչև վերջ գնալու են ինչ որ-բան պահելու ձգտումով և չեն հասկանում, որ մարդիկ են փոխվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հրապարակախոս, «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը։
Վերջինիս համոզմամբ՝ մայիսի մեկից հետո բանալին գտնվելու է Հանրապետական կուսակցության ձեռքում, որովհետև կա՛մ չի ապահովի անհրաժեշտ ձայները, ինքնալուծարվում է և Հանրապետականն անցկացնում է ընտրություններ, այդ ժամանակ նորից ամեն ինչ գտնվում է իրենց ձեռքում, լծակները գտնվում են իրենց ձեռքում, կա՛մ ապահովում են անհրաժեշտ վեց ձայները և ահա այստեղ սկսվում է երկրորդ՝ կարևոր փուլը․ «Ախր Սահմանադրությունը ձևում էին Սարգսյանի վրայով, իսկ հիմա իրավիճակը փոխվել է. մեծամասնությունը ՀՀԿ-ն է, եթե գծել է իր վերադարձի քարտեզը, այդ դեպքում ցանկացած վարչապետի որոշում հանդիպելու է դիմադրության, իսկ հասարակությունը խնդիրներ է դրել և սպասումներ ունի, հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանը երկու ամսում արտահերթ ընտրություններ չանցկացնի, խնդիրներ կլինեն, հետևաբար, մնալու և չմնալու պատերազմը նոր է սկսվում և Նիկոլ Փաշինյանը կարող իր գիծն առաջ տանել, եթե մենք կարողանանք իր կողքին մնալ»,-ասաց նա։
Խոդիկյանի խոսքով՝ երբ Սերժ Սարգսյանը դադարեցրեց իր գործունեությունը, այդ ժամանակ 20 տարի իշխող կուսացությունը պետք է դուրս գար և հայտարարեր իրեն ընդդիմադիր ուժ․ «ՀՀԿ-ն առևտրով է զբաղվում և ժամանակ է շահում, հակառակ պարագայում, տեսնելով, որ Սերժ Սարգսյանը սխալ է, պետք է հայտարարեր իրեն ընդդիմադիր, պետք է որպես ընդդիմադիր մտներ քաղաքական դաշտ, քանի որ իսկակական քաղաքականությունն այդպիսին պետք է լինի։ Մենք հաղթել ենք առայժմ, Հանրապետականին դեռ երկար պետք է հասկացնել, որ ժողովուրդը 6-7 տոկոսը չէ»։