Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի հանրապետական խմբակցության պատգամավորներին
«Շատ կարևոր աշխատանք ունեմ Ազգային ժողովում: Պետք է հանդիպումներ ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում օրվա վերջում Ձեզ կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջադրած վարչապետի թեկնածուի ընտրությունը մայիսի մեկին երաշխավորված է»,- երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարել էր «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Նա կոչ արեց վաղը հանգստանալ և ոչ մի փողոց չփակել ու անհնազանդություն չանել: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նաև դադարեցնել հանրապետական պատգամավորների հետ զանգերի, նամակների միջոցով կոնտակտի դուրս գալը և նրանց առջև պահանջ դնելը: «Որպեսզի մենք կարողանանք մեր թիմով Ազգային ժողովում՝ մեր գրասենյակում, քաղաքական աշխատանքը ավարտին հասցնել՝ մեր դե ֆակտո հաղթանակը դե յուրե արձանագրելու համար: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ձեր անունից ես հանդիպելու եմ նրանց հետ՝ որպես վարչապետի թեկնածու, որպեսզի մեր առաջարկած օրակարգը նրանց ներկայացնենք և իրականություն դարձնենք»,- ասաց նա:
ԱԺ ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ ուզում է շատ հստակ պատասխանել «օդում կախված» մի հարցի: «Եվ ես ուզում եմ ուղիղ, շատ հստակ, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով՝ ամենայն վստահությամբ հայտարարել, որ այո՛, պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, որովհետև ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Հայաստանի ժողովրդին։ Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ ազատությունը»,- ասաց նա՝ Հանրապետության հրապարակում հավաքվածների հետ՝ վանկարկելով՝ «հաղ-թա-նակ»: