Ծառուկյանը ջախջախեց Մելիք-Ադամյանի միֆը
Շավարշ Բզնունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Համաժողովրդական շարժումը երեկ գրանցեց ևս մեկ համոզիչ հաղթանակ շնորհիվ Գագիկ Ծառուկյանի կշռադատված քաղաքական որոշման։ Ծառուկյանը հայտարարեց, որ չի առաջադրելու վարչապետի թեկնածու և սատարելու է ժողովրդի թեկնածուին, անկախ նրանից, թե ով է նա՝ «Նիկոլը, Սասունը թե Արարատը», շեշտելով, որ քվեարկելու է ոչ թե ինչ որ անհատի, այլ բացառապես ժողովրդի նախընտրած թկենածուի օգտին։
Երեկ բոլորը շունչները պահած սպասում էին Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, բայց առավել հուզված և հուսալի սպասման մեջ էին ՀՀԿ-ականները, որոնք Ծառուկյանի առաջադրվելու դեպքում ամբողջ թիմով, մեկ մարդու նման, կողմ էին քվեարկելու նրա թեկնածությանը՝ ապագա ձևավորվող իշխանության մեջ ինչ-որ մասնաբաժին պահելու ակնկալիքով։
Հենց այս առումով էր, որ Ծառուկյանը ՀՀԿ-ական համակարգին հասցրեց վերջին որոշիչ հարվածը՝ հայտարարելով, որ սատարելու է վարչապետի ժողովրդական թեկնածուին և չի առաջադրվելու որպես վարչապետի թեկնածու։ Փաստացի, որքան էլ համաժողովրդական շարժումը կոլափսի ենթարկեց ՀՀԿ—ին, ստիպելով վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, իսկ ՀՀԿ—ին՝ չառաջադրել վարչապետի թեկնածու, այնուամենայնիվ վերջնական ջախջախիչ հարվածը ՀՀԿ-ին տրվեց հենց այս հայտարարությամբ՝ նրանց ուղարկելով նոր արտահերթ ընտրությունների, որտեղ անգամ 5 տոկոսի շեմը հաղթահարելն է ՀՀԿ-ի համար խնդիր լինելու։ Այժմ շնորհիվ Ծառուկյանի որոշման ՀՀԿ-ն մնաց կոտրած տաշտակի առաջ, առանց վարչապետի թեկնածուի, առանց միասնական դիրքորոշման, պառակտված, մասնատված, անգամ կուսակցության նոր ղեկավարի փնտրտուքով։
2015 թվականին ՀՀԿ-ն տանտիրոջ կարգավիճակում հոխորտում էր, հընթացս զգուշացնելով, որ Հայաստանի ներքաղաքական կանքում ունի լիակատար մոնոպոլիա և ինքը պետք է որոշի, թե ով կարող է զբաղվել քաղաքականությամբ, ով ոչ։ Իսկ ՀՀԿ-ի մի քանի սազանդարներ հպարտ հայտարարում էին, որ դեպի իշխանություն ճանապարհը անցնում է Մելիք-Ադամյան փողոցով։ Սակայն, ինչպես ասում են ուրբաթը շաբաթից շուտ եկավ և այսօր այդ հայտարարությունների հեղինակներն իրենց տխուր և մելամաղձոտ դեմքերը հազիվ են փախցնում լրագրողների տեսախցիկներից, իսկ Մելիք-Ադամյանի հայտնի հասցեն վերածվել է դեռ օրեր առաջ մեծ-մեծ խոսացող, իսկ այսօր վերջնական կապիտուլիացիայի ենթարկված քաղաքական ուժի դատարկ հուշարձանի։ Այո հենց Ծառուկյանն իր որոշմամբ տվեց վերջին հարվածը՝ ՀՀԿ-ին ստիպելով վերջնականպես գահավիժել իշխանական գահից։
Այսպիսով, եթե համաժողովրդական շարժումը մի քանի շշմեցնող հարվածներով զրկեց ՀՀԿ-ին վարչապետ-ղեկավարից և սասանեց նրա իշխանությունը, ապա վերջնական նոկաուտի ՀՀԿ-ին ենթարկեց հենց Ծառուկյանը՝ հայտատարելով, որ սատարում է վարչապետի ժողովրդի թեկնածուին։
Այսպիսին է կյանքը․ 2015 թականից ի վեր շատ վերլուծաբաններ և գործիչներ էին նշում, որ ՀՀԿ-ին վերջնական հարվածը տալու է հենց Ծառուկյանը։ 2018 թվականին դա արդեն իրողութուն է։