Մանվել Եղիազարյան. «Այսպիսի իշխանավորները կամավոր չեն հանձնում իշխանությունը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սերժ Սարգսյանի հրաժարականից ու Կարեն Կարապետյանի հայտարարություններից հետո ստեղծված իրավիճակում քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը նոր թափ է հավաքում: Չնայած հանրահավաքի կոնկրետ ժամ է հայտարարվում՝ այնդուհանդերձ, մինչ այդ մարդիկ հարմար դիրքավորվում են, պատրաստվում երեկոյան ժամը 19:00–ին: Հանրահավաքից դեռ ժամեր առաջ Հանրապետության հրապարակում էին նաև ազատամարտիկները:
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը ջոկատի մյուս անդամների, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի հետ էր եկել Հանրապետության հրապարակ:
Մանվել Եղիազարյանը, «Փաստ»–ի հետ զրույցում անդրադառնալով պայքարի ավելի քան 11 օրերի ընթացքում կատարված իրադարձություններին, ժողովրդի համախմբվածությանը, նախ նշեց. «Մարդկանց դրել են այնպիսի վիճակում, որ անգամ փոքր երեխան ու կինն են դուրս եկել փողոց՝ իրենց դժգոհությունը արտահայտելու: Սա մեր ապրած ժամանակների ամոթն է. իշխանություններն այնպիսի իրավիճակի մեջ են դրել մարդկանց, որ նրանք անընդհատ իրենց դժգոհությունն են հայտնում մասսայական անհնազանդությամբ»:
Նշենք, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պահանջներից 3–ը դեռ չի կատարվել: Այն է՝ վարչապետ է ընտրվում ժողովրդի թեկնածուն, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն: 4–րդ պահանջն էլ հետևյալն է. ՀՀ օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ–ը պետք է հավանություն տա Կառավարության ծրագրին, երբ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական համաձայնության համաձայն, ԱԺ–ը չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Անդրադառնալով պահանջների չկատարելուն ու ՀՀԿ–ի արձագանքներին, Մանվել Եղիազարյանը նշեց. «Ես ուզում եմ ու ցանկալի է, որ ամեն ինչ խաղաղ ավարտվի, մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է: Բայց ոչ ոք, հատկապես այսպիսի իշխանավորները, կամավոր չեն հանձնում իշխանությունը: Բայց դա էական նշանակություն չունի: Իրավիճակը կպարտադրի հանձնել իշխանությունը և ամեն ինչ անպայման խաղաղ կհարթվի, որովհետև ուժ գործադրելու դեպքում պատասխան չեն կարող տալ»:
«Արաբո» ջոկատի հրամանատարը հանգուցալուծման միայն մեկ ուղի է տեսնում. «Նախ՝ ՀՀ կառավարության հրաժարական: Այնուհետև՝ արմատական փոփոխություններ, որից հետո երկիրը կարգի կգա»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում