Ռուբեն Հախվերդյան. «Քրեաօլիգարխիկ համակարգի վրա հիմնված իշխանությունները կսկսեն անհանգիստ շարժումներ անել». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ապրիլի 25–ին երիտասարդները շարունակելով իրականացնել հայտարարված դասադուլի պահանջը, առավոտվանից կամաց–կամաց հավաքվում էին Հանրապետության հրապարակում:
Հանկարծ տեղեկություն տարածվեց, որ Արշակունյաց պողոտայից զրահատեխնիկա է տեղափոխվում հրապարակ, և ցուցարարները սկսեցին փակել հրապարակ տանող բոլոր ճանապարհները:
Առաջինը փակեցին Վազգեն Սարգսյան, հետո Տիգրան Մեծ, Նալբանդյան, Հանրապետության փողոցները և հրապարակ տանող մյուս փողոցները:
ՀՀԿ–ի գրասենյակ տանող ճանապարհը, սակայն, երկու կողմից փակվել էր կարմիր, սև բերետավորների և ոստիկանական մյուս ուժերի կողմից, որտեղ առանձնապես լարվածություն չկար: Մելիք–Ադամյան փողոցը փակած ոստիկանների հետ բանակցելու էին եկել մայրեր, ովքեր խնդրում էին նրանց հրամանի դեպքում ձեռք չբարձրացնել իրենց երեխաների վրա:
«Մենք մայրեր ենք և մեր երեխաները ոչ միայն մեր, նաև ձեզ համար են պայքարում: Նրանք տեսնում են, թե ինչ տառապանքով ենք մենք նրանց ուսման վարձերն ու մյուս հոգսերը հոգում: Դուք էլ հավանաբար երեխաներ ունեք, և ինչպես որ ձեր երեխաներին կխնայեք, այնպես էլ վարվեք մեր երեխաների հետ: Խնդրում ենք, հանկարծ մեր երիտասարդների հանդեպ ուժ չկիրառեք: Դուք մեր եղբայրներն եք, մենք հավատում ենք ձեր ողջամտությանը»,– աղերսագին խնդրում էին մայրերը:
Հանրապետության հրապարակում էր նաև սիրված ու ճանաչված երգիչ–երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով պատասխանելով «Փաստ»–ի՝ ինչ ակնկալիքով է այսօր եկել հրապարակ հարցին պատասխանեց.
«Իմ կարծիքով նախ պետք է կառավարությունն ամբողջովին հրաժարական տա: Մենակ Սերժով չի, ես անցյալ անգամ էլ հրապարակում ասեցի: Սերժին կտանեն, մերժին կբերեն, մերժին կհանեն՝ մյուսին կբերեն: Կարեն Կարապետյանն էլ, Սերժիկն էլ, այստեղ ուղարկված ռուսական էմիսարներ են: Ես նաև չեմ բացառում, որ պայմանավորվածություն լինի, որ Սերժը գնա, Կարենը գա նրա տեղը: Չի բացառվում, որ նույնիսկ Նիկոլին են խաղացնում, որի մասին ինքն անգամ տեղյակ չի: Չնայած ինքը ազնիվ տղա է, բայց…»,– ասաց Ռ. Հախվերդյանը:
Նրա կարծիքով պետք է կյանքի կոչվեն Նիկոլ Փաշինյանի ներկայացրած բոլոր 4 կետերն ամբողջությամբ, հակառակ դեպքում բունտ կլինի:
«Ես ճիշտն ասած տեռորի կողմնակից եմ: Աբրահամ Լինքոլնին էլ խփեցին, բայց ես կարծում եմ, որ հարցը դրան չի հասնի»,– ասաց Ռ. Հախվերդյանը:
Հարցին, որ եթե Ռ. Հախվերդյանը տեռորի կողմնակից է, ուրեմն «տեռորի» կարող էր դիմել նաև իշխանությունը, և ընդհանրապես իր կարծիքով, արդյոք քրեաօլիգարխիկ համակարգի վրա հիմնված իշխանությունները հեշտությամբ կզիջե՞ն իրենց դիրքերը, նա պատասխանեց:
«Իշխանությունը չէր կարող ուժի դիմել: Այս ուսանողությանը դեմ գնալ հնարավոր չէ: Հիմա էլ նման քայլի չեն դիմի: Ինչ վերաբերվում է դիրքերը զիջելուն, ապա հեշտ չի գնա և անհանգիստ շարժումներ կանի: Հետո կլինի այնպես, ինչպես «Չարի վերջը» առակում»,– համոզված է հայտնի երգահանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում