Արտակ Մանուկյան. «Իշխանության անցնցում անցումը տնտեսական շատ մեծ վերելքի կբերի». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի Ֆինանսների նախարարությունն երեկ հանդես էր եկել մի հայտարարությամբ, որում մտահոգություն էր հայտնում երկրում ընթացող զարգացումների առնչությամբ:
«Նման իրավիճակների շարունակական դրսևորումները կարող են բացասական հետևանքներ թողնել երկրի միջազգային վարկանիշի, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկաների մասնակից–ներդրողների մոտ մեր տնտեսության ապագա զարգացումների ընկալումների վրա: Ինչպես հայտնի է, վերջերս «Fitch» և «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպությունները բարձր են գնահատել Հայաստանի մակրոտնտեսական կատարողականը և հարկաբյուջետային կարգապահության բարելավումը, որոնց հիման վրա մեր երկրի տնտեսական հեռանկարները կայունից փոխվել են դրականի: Ուստի շատ կարևոր ենք համարում, որ բոլոր զարգացումներն ընթանան հանրային քաղաքական երկխոսության, կառուցողական քննարկումների և փոխադարձ համաձայնության համատեքստում: Շուկաները սիրում են քաղաքական կայունություն, հավասարակշռություն և ցածր ռիսկեր: Ցանկացած տևական հուզում, բնականաբար, չի կարող չազդել երկրի արժութային պարտատոմսերի վարկանիշի վրա` բարձրացնելով վերջինիս տոկոսադրույքները, ինչն էապես կդժվարացնի պետական բյուջեի պակասուրդը արտաքին էժան միջոցներով ֆինանսավորելու հնարավորությունները»,– նշված է ֆիննախի տարածած հայտարարության մեջ»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը, անդրադառնալով այս օրերին սրճարանների ու խանութների կիսադատարկ պատկերներին ու շարժման՝ երկրի տնտեսական վիճակի վրա ազդեցությանը, նշեց, թե մարդկանց մոտ հավատի վերականգնումը և վարչակազմի կոռումպացված բուրգը փշրելուց հետո ստեղծված այն հնարավորությունները, որ կարող են բերել թե՛ զբոսաշրջիկների ավելի մեծ տեմպերով աճ, թե՛ սփյուռքահայերի ավելի մեծ ներդրումների աճ, մի քանի անգամ գերակա են, քան այն հնարավոր նվազեցումները, որ այս ընթացքում գրանցվել են։ «Սա աննախադեպ է, ժողովուրդը կարողանում է իշխանություններին վերահաստատել տալ իր երկար տարիներ կորցրած հոգին»,– նշեց նա` հավելելով, թե համաձայն չէ, որ խանութներում շարժում չկա։ Ըստ տնտեսագետի՝ այդ շարժումը տեղափոխվել է։
«Եթե նախկինում արվարձաններում էր գնումների շարժումը տեղի ունենում, հիմա տեղափոխվում է հրապարակ։ Այդ նույն ցուցարարները սնվում են և օգտվում։ Բայց հասկանալի է, որ որոշակիորեն անձանց իրավունքները, տեղաշարժը որոշ վայրերում կարող է կրճատված լինել, բայց իմ գնահատմամբ, մոտակա օրերին, երբ իշխանությունն անցնցում անցնի, տնտեսական շատ մեծ վերելքի ուղի կբռնենք»,– նկատեց նա։
Դիտարկմանը, թե այս շարժումը կարող է ինչ–որ կերպ անդրադառնալ Հայաստանի միջազգային տնտեսական վարկանիշի վրա, Մանուկյանը պատասխանեց, թե Հայաստանի տնտեսական վարկանիշի վրա որևէ ուղղակի ազդեցություն չունի, օրենսդրական դաշտը ներդրողների համար կայուն է և որևէ փոփոխություններ այդ մասով չկան։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում