Լևոն Շիրինյան. «Ժողովրդի ազգային գիտակցությունը փոխվել է». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս օրերին Հայաստանում դեպքերը րոպե առ րոպե են զարգանում: Տապալված բանակցություններ, Մարտի 1–ի սպառնալիք, ձերբակալություններ, բազմաթիվ բերման ենթարկվածներ: Այդուհանդերձ համախմբված ժողովուրդը իշխանության բիրտ ուժին ի պատասխան կրկին խաղաղ հավաքի կոչով է առաջնորդվում ու րոպե առ րոպե քառապատկվում է: Լևոն Շիրինյանը նախ անդրադարձավ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված գնահատականներին: Նշենք, որ նա Նիկոլ Փաշինյանին հորդորել էր չխոսել ժողովրդի անունից ու ընդգծել՝ դուք Մարտի 1–ից դասեր չեք քաղել: «Դրանից հետո 160 հազարանոց միտինգ եղավ: Սա ժողովրդի պատասխանն էր այդ հանդիպմանը: Իսկ պատասխանը պարզ է՝ ժողովուրդը ավելի համախմբվեց թավշյա հեղափոխության գաղափարի շուրջ: Երեկ հրապարակում ասեղ գցելու տեղ չի եղել»,– ասաց քաղաքագետը:
Նշենք, որ այս օրերին միջազգային արձագանքները ևս չեն դադարում: Հարցին, թե առհասարակ ինչ վիճում է իշխանությունը ստեղծված իրավիճակում, Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Իշխանությունը չգիտեմ, բայց որ այդ երկխոսության մասին են խոսում՝ եվրոպական ճնշման արդյունք է: Այսինքն՝ այն, որ իրենք գնում են խոսելու Նիկոլի հետ: Նրանք, հավանաբար, պահանջել են, որ ազատ արձակեն նրանց, որովհետև ձերբակալման ոչ մի հիմք չունեին: Այդ ամենը ճնշման արդյունք է՝ նաև ժողովրդի բողոքի արդյունքն է: 160 հազար մարդ Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի համար կատակ չէ»:
Կարեն Կարապետյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին` ՀՀ ԱԺ ձերբակալված պատգամավորներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար։
Լևոն Շիրինյանի խոսքով՝ սա ևս եվրոպական ճնշման և ժողովրդի ընդվզման արդյունքն է. «Դա իրենց բարյացակամությունը չէ: Սա նաև արդյունքն է նրա, որ ազատազրկման հիմքերը սխալ են եղել»:
Հարցին, թե մոտ ենք հանգուցալուծմանը, նա պատասխանեց. «Այո՛: Կարճաժամկետը՝ մի քանի օր, երկարաժամկետը՝ մեկ տարի: Բայց մեկ է՝ թավշյա հեղափոխությունը հաղթելու է: Ժողովրդի ազգային գիտակցությունը փոխվել է: Սա է կարևորը: Կարևորը նաև երիտասարդությունն է: Այսինքն՝ ոտքի է ելել ուսանողությունը»:
Հ.Գ. Հարցազրույցից անմիջապես հետո Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքների առաջնորդներ, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ազատ արձակվեցին: Մոտավորապես մեկ ժամ հետո Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում