Ի՞նչ ծախսերից կազատվեն նախկին ոստիկանները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նոր նախագիծ է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ոստիկանության ծառայողներին ու ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներին անձնական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելիս ու հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և դատական մարմիններում ծառայության անցնելիս չվճարել իրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը:
Նախագծի հիմնավորման մեջ ընդգծվել է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40–րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր են փոխհատուցել իրենց ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը և այն դեպքերը, երբ նրանք չեն հատուցում այդ ծախսերը:
«Մինչդեռ, գործնականում լինում են բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանության ծառայողը ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, մինչ հինգ տարի ծառայելը, ազատվում է ոստիկանությունում ծառայությունից՝ ցանկանալով աշխատանքի անցնել իրավապահ այլ մարմիններում, մասնավորապես՝ հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և դատական մարմիններում ու կանգնում է իր ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերի վճարման փաստ առաջ»,– նշվում է նախագծում:
Հիմնավորման մեջ շեշտվում է նաև, որ ներկայումս ՀՀ դատարաններում քննվում է ՀՀ ոստիկանությունից ազատված և ՀՀ քննչական կոմիտեում ծառայության անցած նախկին ոստիկանության ծառայողների ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պահանջի մասին 8 գործ. «Առկա իրավական կարգավորման պայմաններում ոստիկանության ծառայողին այլ ելք չի մնում, քան փոխհատուցել իր ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը և նոր միայն անցնել ծառայության նշված մարմիններում, կամ էլ ստիպված չանցնել այդ մարմիններում ծառայության՝ պայմանավորված օրենքով սահմանված ժամկետը լրացած չլինելու հիմքով նշված գումարը վճարելու հանգամանքով, դրանով իսկ չիրացնելով և սահմանափակելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր աշխատանքի ազատ ընտրության իրավունքը: Մինչդեռ, ինչպես նշված է վերոհիշյալ նորմում, ոստիկանության ծառայողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի ուսման և վերապատրաստման համար ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին և հանրային շահերի տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա, թե պետությունը պետական, տվյալ դեպքում՝ իրավապահ որ մարմնի ծառայողի ուսման և վերապատրաստման համար է կատարում նշված ծախսերը»: Հիմնավորման վերջում առկա «ակնկալվող արդյունքը» ենթակետում նշվել է, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ոստիկանության ծառայողները և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողները կիրացնեն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված աշխատանքի ազատ ընտրության իրավունքը՝ հնարավորություն ունենալով անարգել, առանց նշված փոխհատուցման և ժամանակային սահմանափակման, ծառայության անցնել հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և դատական մարմիններում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում