Դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք․ Սերժ Թանկյանը՝ Սերժ Սարգսյանին
Սերժ Թանկյանը Ֆեյսբուքում տարածել է Հանրապետության հրապարակից Ազատության ուղիղ հեռարձակումը և արել է հետևյալ գրառումը․ «Հայաստանում անհավանական մի բան է կատարվում, վերջապես։ Քաղաքացիական անհնազանդությունը մեծանում է և վերաճում է գործադուլների և դասադուլների՝ ընդդեմ անարդար, կոռումպացված էլիտայի։ Սա նոր Հայաստանի առաջին շաբաթն է, և ինչ էլ տեղի ունենա, հուսալքությունը վերացած է։ Սերժ Սարգսյանն (հին նախագահ, նոր վարչապետ) ընդունել է, որ բնակչության 60 տոկոսը իրեն չի սիրում և համաձայն չէ իր հետ։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր հովանավորչական մոտեցումն ու կառավարումը։ Սե՛րժ, առանց անարգանքի, բայց դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք։ Դու ծառայել ես Հայաստանի ժողովրդին և այլևս կենսունակ, հարգված ղեկավար չես․․․»,- գրել է Թանկյանը։
Նիկոլ Փաշինյանը կարդաց գրառումից մի հատված, ժողովուրդը սկսեց վանկարկել՝ «արի տուն, արի տուն»։ Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքին Սերժ Թանկյանին, Արսինե Խանջյանին կոչ էր արել գալ Հայաստան և միանալ իրենց շարժմանը։ Սերժ Թանկյանը օրեր առաջ, երբ դեռ քաղաքացիական անհնազանդության ցույցերը չէին սկսվել Երևանում, գրառում էր արել Ֆեյսբուքում և խոսել քաղաքացիական անհնազանդության կարևորության մասին։