Փոխմարզպետը վերջապես տուն ունեցավ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արագածոտնի մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր և իր կնոջ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:
Հայտարարագրի համաձայն՝ Աբգարյանը նախորդ տարի 25 միլիոն դրամով ձեռք է բերել բնակարան: Իսկ նրա ավելի վաղ ներկայացրած հայտարարագրերի համաձայն՝ մինչ այս այլ անշարժ գույք չի ունեցել:
Դրամական միջոցներ չի հայտարարագրել: Եկամուտները կազմել են 22 միլիոն 536 հազար դրամ և ստացվել 5 միլիոն 36 հազար դրամ աշխատավարձից ու 17 միլիոն 500 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
Կինը՝ Ամալյա Հայրապետյանը, նույնպես դրամական միջոցներ չի ունեցել, իսկ եկամուտներն էլ ստացվել են միայն աշխատավարձից ու կազմել 1 միլիոն 65 հազար դրամ:
Աբգարյանը մինչ 2013 թ. մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակվելը տարբեր տարիներին զբաղեցրել է Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի Ապարանի մասնաճյուղի տնօրենի, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի ղեկավարի և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության Արագածոտնի մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարի պաշտոնները:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում