Թաքցնելու բա՞ն ունեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մարտի 30–ին լրացել է պաշտոնատար անձանց՝ իրենց 2017 թ. տարեկան հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Ժամկետը և՛ լրացել է, և՛ վրայով 10 օր էլ անցել է, սակայն, որոշ պաշտոնյաներ դեռևս չեն ներկայացրել իրենց հայտարարագրերը:
Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնակայն կայքից՝ այս տարի ակնկալվում էր ստանալ 3 հազար 233 պաշտոնատար անձանց հայտարարագիր:
Նախնական տվյալների ամփոփմամբ, ապրիլի 10–ի դրությամբ 2017 թ. տարեկան հայտարարագիր են ներկայացրել 3027 հայտարարատու պաշտոնատար անձինք:
Ստացվում է, որ մնացած 206 պաշտոնյաները կամ ալարում են լրացնել հայտարարագրեը, կամ ժամանակ «չունեն», կամ թաքցնելու բան ունեն: Ինչպես հայտնի է, մեր պաշտոնյաներից շատ–շատերը բավական մեծ ունեցվածքի տեր մարդիկ են, ահռելի թվերի հասնող փոխառություններ, դրամական միջոցներ ու եկամուտներ ունեն, էլ չասած ոմանց հոբբիների՝ թանկարժեք իրերի հավաքածուների մասին: Պարզ է, որ ոչ բոլորին է հաճելի ի տես դնել իրենց ունեցվածքը հանրության աչքի առաջ, այլապես՝ մի քանի հարց պարունակող հայտարարագիր լրացնելու համար պաշտոնյայից 4 ամիս ժամանակ չէր պահանջվի:
Հավելենք, որ այդ 3027 պարտաճանաչ պաշտոնյաներից դեռևս 2600–ի հայտարարագրերն են հրապարակվել: Հայտարարագրերի հրապարակման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է:
Իսկ հայտարարագրերի հրապարակայնացմանը հաջորդելու են հայտարարագրի լրացման և ներկայացման պահանջների պահպանման ստուգման, իսկ այնուհետև՝ հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգման գործընթացները:
Նշենք նաև, որ հանձնաժողովի կողմից նշված չէր, թե ովքեր են 206 անպարտաճանաչ պաշտոնյաները:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում