Սպաների կողմից բնակարան ձեռք բերելու դեպքում տոկոսադրույքի 4–9%–ը կսուբսիդավորվի, կանխավճարը կվճարի պետությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օրերս շրջանառության դրված նախագծի համաձայն, հեշտացվել է սպաների՝ բնակարան ձեռք բերելու գործընթացը։
Սահմանվել են սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները։ Զինծառայողներն այլևս կարող են թե՛ անմիջապես կառուցապատողից, և թե՛ մարզերում երկրորդական շուկայից բնակարաններ կամ բնակելի տներ ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել 20 տարի ժամկետով հիփոթեքային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 9% տարեկան տոկոսադրույքով։ Այս դեպքում բնակարանի արժեքի 10% կանխավճարը կվճարի պետությունը, տոկոսադրույքի 4%–ը կսուբսիդավորվի, իսկ մնացած 5%–ի վճարումը կիրականացվի օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով:
Նախագծով կարգավորվում են նաև պետության և կառուցապատողի միջև հարաբերությունները՝ պետության անունից հանդես գալու իրավասությունը վերապահելով ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 65–րդ հոդվածի 2–րդ մասի պահանջների համաձայն սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ:
Մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, նախկին «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքը նախատեսում էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների տրամադրում կամ անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրում։ Օրենքի պահանջների համաձայն հաշվառման մեջ են գտնվում շուրջ 4 հազար գործող և նախկին զինծառայողներ։ Պետության տնտեսական հնարավորությունները թույլ էին տալիս լավագույն դեպքում տարվա ընթացքում իրականացնել մինչև 100 բնակարանների կառուցման և տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահառուների թիվը տարեցտարի աճում է: Նախագծի հեղինակների կարծիքով՝ նշված համակարգն իրեն սպառել է, որի արդյունքում գործընթացը դարձել է տնտեսապես ոչ շահավետ:
Նշենք, որ ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով զինծառայողների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը` ապահովելով բնակարանի ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսավորման մատչելի պայմաններ:
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում