Շարքային Արտակ Պետրոսյան. իր տանկով գնացել է հետեւակ զորքին փրկելու
Մեր ժամանակի հերոս՝ Արտակ Պետրոսյան. Արտակ Պետրոսյանը ծառայում էր Արցախի ՊԲ՝ Մատաղիսի զորամասում, տանկիստ էր:
Ապրիլի 4-ին մարտի դաշտում հակառակորդին հետ շպրտելու ընթացքում Արտակի ու երեք ընկերների տանկը խոցվել է: Հստակ գիտակցելով մահվան վտանգը` իր տանկով առաջ է գնացել` հետեւակ զորքին փրկելու: Սակայն խոցվել է նաեւ իր տանկն, ու Արտակը երկու զինակից ընկերների հետ այրվել է տանկի մեջ, ոչ մեկին չի հաջողվել փրկվել: Նրանց մարմինները դուրս են բերվել Կարմիր Խաչի ներկայացուցիչների միջնորդությամբ:
Որդուն սպասող ծնողներին ապրիլյան պատերազմից բաժին է հասել Արտակի վզնոցը՝ կոտրված խաչով ու հետմահու տրված Մարտական ծառայություն մեդալը: Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի դիրքերում ժամկետային զինծառայությունն անցկացնող երիտասարդի համար ծնողները լուսավոր ապագա էին նախանշել: Զինվորն ինքն էլ մի մեծ փափագ ուներ. վերադառնալ տուն, հասնել սիրած աղջկան ու արարել:
Բնության, կենդանիների ու հողի սիրահար Արտակը սիրում էր օրն անցկացնել դրսում՝ ազատության մեջ: Աղավնիներ, ձկնորսություն, որս, ֆուտբոլ, բռնցքամարտ. սրանք Արտակի թուլություններն էին, որոնցից յուրաքանչյուրի համար գյուղում ապրող տղան ժամանակ էր գտնում:
Դեռ դպրոցական տարիներից ուսուցիչները նկատել են նրա ակնհայտ սերը ռազմագիտություն առարկայի նկատմամբ: Այսօր արդեն դպրոցում ու դպրոցից դուրս Արտակին հիշում են հպարտությամբ: Արտակ Պետրոսյանը Լոռու մարզի Մեծավան գյուղից էր, Մեծավանի համայնքապետի բնորոշմամբ` Արտակը համեստ, շնորհքով տղա էր: