Շարքային Աղասի Ասատրյան. նրանց դիրքն առաջիններից էր, որ գրոհի ենթարկվեց հակառակորդի կողմից
Մեր ժամանակների հերոս Աղասի Ասատրյան. 2014 թվականին բանակ զորակոչված Աղասի Ասատրյանը ծառայել էր Թալիշում՝ որպես հետախույզ: 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ նրանց դիրքն առաջիններից էր, որ գրոհի ենթարկվեց հակառակորդի կողմից: Մի խումբ ընկերների հետ Աղասին կասեցրել է թշնամու գրոհը, ստիպել նրան նահանջել: Հակառակորդը ավելի մեծաքանակ ուժերով մարտը վերսկսել է երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում: Տղաները կռվել են մինչեւ վերջին փամփուշտը եւ զոհվել:
Պատերազմը սկսվելուց առաջ Աղասին խոսել էր հոր հետ: Ուրախությամբ պատմել, որ «կրակայինից» առաջին տեղն է զբաղեցրել, որ մեդալ է ստանալու: Ասել էր նաեւ, որ գնալու է դիրքեր ու վերադառնալուց հետո հույս ունի արձակուրդ գալ: Խոսակցություններ էր լսել, թե այդպիսով իրեն խրախուսելու մտադրություն կա: Հուսադրվել էր եւ ընտանիքին էլ հուսադրել: Բայց պատերազմն ավելի շուտ եկավ, եւ ծնողներն ու երկու քույրերն Աղասիին այլեւս չտեսան: Նրանք, սակայն, մշատապես զգում են սիրելի որդու եւ եղբոր ներկայությունը:
Բանակ զորակոչվելու օրը Աղասի Ասատրյանը պնդել է, որ մայրը չգնա ճանապարհելու: Բայց մոր սիրտը զգում էր, որ դա տղային տեսնելու վերջին հնարավորություններից է եւ չէր լսել նրան: «Դեմքիս չնայեց ընդհանրապես: Ես սկզբում շատ վիրավորվեցի իր այդ վերաբերմունքից, բայց հետո հասկացա, որ ուղղակի չէր ուզում հուզվել: Շատ լցված էր ինքը»,- հարցազրույցներից մեկում պատմել է Նարինե Ասատրյանը:
«Այդպիսի բառ չկա այս երկրագնդի վրա, որ իրեն կարողանամ նկարագրել: Ինքը մի տեսակ ուրիշ է եղել: Շա՛տ: Այսքան շփվում եմ մարդկանց հետ, ընկերությունս մեծ է, բայց իր նմանը չկա»,- Աղասիին փորձել է բնութագրել ընկերներից մեկը:
Աղասի Ասատրյանը ծնվել է 1996 թվականին՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է տեղի ճանապարհատրանսպոտային քոլեջում: Սպորտով էր զբաղվում՝ ըմբշամարտով եւ քիքբոքսինգով: Մասնակցել է Հայաստանի առաջնությանը եւ երկրորդ տեղը գրավել:
Մասիսի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է քառօրյա պատերազմի հերոսի՝ Աղասի Ասատրյանի անունով: Բացի այդ, Մասիս քաղաքի փողոցներից մեկը կրում է նրա անունը:
Մերօրյա hերոսը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով եւ Արցախի «Արիության համար» մեդալով: