Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյան. ուսից վիրավորվել է, կռվել մինչեւ մահացու վիրավորում ստանալը
Մեր ժամանակի հերոս փոխգնդապետ Ալեքսան Առաքելյան. Ալեքսան Առաքելյանը Արցախի ՊԲ Ջաբրայիլի զորամասի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալն էր։
Մարդ, ով իր ծառայության ընթացքում իրենց դիմող զինվորին թիկունք է կանգնել ցանկացած խնդրով։ Ալիկ Առաքելյանն այն հերոս սպաներից մեկն էր, ով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից իրականացված խոշոր ռազմական գործողությունների մասին տեղեկանալով՝ գնաց օգնության հասնելու։ Ապրիլի 2-ի լուսաբացին՝ ժամը 6-ի սահմաններում, Ալեքսանը եւ եւս 4 սպա «Ուազ» մեքենայով մեկնեցին դիրքեր՝ ընկերներին օգնելու: Սակայն, տեղյակ չէին եղել, որ դիրքը գրավված է թշնամու կողմից:
Ալեքսանյանը, երբ նկատել է, որ անօդաչու սարքը նկարում է վաշտը, զինանոցն ու իր աշխատասենյակը, զորքին կարգադրել է անմիջապես դուրս գալ վաշտից։ Ալեքսանը, շտապելով ցանկացել է գրավել դիրքը: Հասնելով 112-րդ մարտական դիրք, մեքենան ընկել է շրջափակման մեջ: Զինակից ընկերների զոհվելուց հետո, Առաքելյանը ուսից վիրավորում է ստացել, սակայն շարունակել է կռվել մինչեւ մահացու վիրավորում ստանալը:
Այդ վիճակում 30 մետր վազելով, առաջ է գնացել եւ նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Ալեքսան Առաքելյանի մահվան ցավալի լուրը հասել է ապրիլի 10-ին, երբ հայկական կողմին էր հանձնվել ապրիլի 2-ից 5-ը ծավալված ռազմական գործողությունների հետեւանքով անհետ կորած 18 զինծառայողի մարմինները: Նրանց մեջ էր նաեւ Ալեքսան Առաքելյանի մարմինը։
Ալեքսան Առաքելյանը ծնվել է 1982թ․-ին, Գյումրի քաղաքում։ Գյումրիում, դպրոցն ավարտելուց հետո, 2001թ․ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2004թ.-ին ավարտել է ռազմական ինստիտուտը, 10 տարի ծառայել հարավային սահմանում՝ որպես դասակի հրամանատար: 2014թ.-ին ուսումը շարունակել է ռազմական ակադեմիայում, որից հետո տեղափոխվել Վարդենիսում գտնվող զինվորական երկրորդ կորպուս՝ որպես ծառայության պետ: Հետագայում կրկին տեղափոխվել է հարավային սահման եւ նշանակվել հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ:
Մերօրյա Հերոսը հետմահու պարգեւատրվել է Սերժ Սարգսյանի կողմից՝ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով եւ Բակո Սահակյանի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով։
2017 թ․ հունիսի 17-ին Գյումրիում ծնվեց Ալիկ Առաքելյանի եղբորորդին։ Ծնողների ցանկությամբ երեխայի անունը հերոս հորեղբոր անունով կնքեցին՝ Ալիկ։