Համացանցում է հայտնվել «Զիմնյայա վիշնյա»-ի կինոթատրոնում հրդեհի առաջին րոպեների տեսանյութը
Իգոր Վոստրիկովը, որը «Զիմնյայա վիշնյա» առեւտրի-զվարճությունների կենտրոնում հրդեհի ժամանակ կորցրել է ամբողջ ընտանիքին, Instagram-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում երեւում է՝ ինչպես է ծուխը տարածվում կինոթատրոնի դահլիճների մոտ, փոխանցում է ՌԲԿ-ն:
Instagram-ում ուղիղ հեռարձակմամբ Կեմերովոյի բնակիչ Իգոր Վոստրիկովը, ում կինը, քույրը եւ երեք երեխաները զոհվել են հրդեհի ժամանակ, իր համակարգչի էկրանին ցուցադրել է տեսահսկման սարքերի նկարահանումը, որոնք տեղակայված էին կինոթատրոնի դահլիճների մոտ: Երեւում է, որ հրդեհը սկսվելուց հետո դահլիճների դռները բաց էին, սակայն, այսպես կոչված, «կարմիր դահլիճից» այդպես էլ մարդիկ դուրս չէին գալիս:
Վոստրիկովը ցույց է տվել, որ միջանցքով աղջիկը բացել է «կարմիր դահլիճի» դուռը, որտեղ այդ ժամանակ մուլտֆիլմ էին ցուցադրում, սակայն այդ ընթացքում ոչ մի բան չի ասել: Այդ պահին մարդիկ արդեն սկսել էին միջանցք դուրս գալ մյուս դահլիճներից եւ սուրացել են դեպի ելքը:
Նկարահանումը սկսվելուց հետո գրեթե 15 վայրկյան անց միջանցքը լցվել է սեւ ծխով: Երեւում է, որ մարդիկ շարունակում են գնալ, սակայն արդեն հասկանալի չէ, թե ինչ է կատարվում «կարմիր դահլիճի» շուրջը: