Մայրն ընտանիքին կերակրել է սեփական ընկերքից պատրաստած կոկտեյլով
Բոլորին է հայտնի ընկերքի օգուտի մասին, քանի որ հենց այս օրգանն է մոր արգանդում հասունացող փոքրիկին ապահովում բոլոր անհրաժեշտ վիտամիններով, հանքանյութերով եւ սննդարար նյութերով:
Ծննդաբերությունից հետո ընկերքը մեծ մասամբ օգտահանվում է որպես մշակված կենսանյութ՝ երբեմն դառնալով կոսմետիկ միջոցների եւ դեղագործական պատրաստուկների հումք:
33-ամյա բրիտանուհի Ջեյն Վուդոլը որոշել է, որ բարիքը չպետք է զուր կորչի: Չորս երեխաների մայրը ընտանիքի համար ընկերքից, որը մնացել էր վերջին երեխայի ծնվելուց հետո, վիտամինային կոկտեյլ է պատրաստել:
Կինը, որն իրեն ներկայացնում է առողջ սնունդի կողմնակից եւ յոգայի հետեւորդ, մանրացված ընկերքին ավելացրել է հատապտուղ եւ կոկոսի հյութ, ապա ստացված ֆրեշը տվել է խմելու ամուսնուն եւ 3-ամյա որդուն: Ամուսինը համտեսել է զուտ հետաքրքրասիրությունից դրդված, իսկ տղան ըմպելիքը գնահատել է համեղ որակելով:
Ինքը Վուդոլը նշել է, որ ընկերքն ինչ-որ տեղ լյարդին է նման. այն թեթեւակի մետաղական համ ունի, որի մեջ ոչ մի զզվելի բան չկա:
Վուդոլը նշել է տոնուսի բարձրացման, տրամադրության եւ քնի բարելավման մասին: Կրծքի կաթի արտադրությունը նույնպես աճել է: Կինը համոզված է, որ ընկերքը դեղատներից գնած վիտամիններին հրաշալի այլընտրանք է: Այն, ինչ մնացել էր կոկտելը պատրաստելուց հետո՝ նա հանձնել է պարկուճներում վերամշակելու համար, դա նրան արժեցել է 150 ֆունտ սթերլինգ (210 դոլար):
Վուդոլի նկարագրած էֆեկտը գիտականորեն հիմնավորված է: Ընկերքը պարունակում է երկաթ, սպիտակուցներ, վիտամիններ, հորմոններ, այդ թվում՝ պրոլակտին եւ օկսիտոցին, որոնք մեծացնում են լակտացիան: Վերջինն ազդում է սերոտոնինի արտադրության վրա, որը համարվում է ուրախության եւ հաճույքի հորմոնը: B6 վիտամինի մեծ պարունակության համակցությամբ այս խառնուրդն օժտվում է բնական հակադեպրեսանտի եւ օրգանիզմի վերականգնման գերարդյունավետ միջոցի հատկությամբ:
Թվարկված բոլոր առավելությունների մասին Չինաստանում, Ճապոնիայում եւ Վիետնամում վաղուց գիտեն: Վերջին տարիներին միտումն ավելի հանրաճանաչ է դառնում նաեւ Արեւմուտքում: Ասում են, որ ընկերքի համը զգացել են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսին են Ջենյուերի Ջոնսը, Ալիսիա Սիլվերսթոունը, Թամերան, Թիա Մաուրին եւ Թոմ Քրուզը: