Կեմերովոյի ողբերգությունից փրկված 11-ամյա երեխային հայտնել են, որ ընտանիքի անդամները զոհվել են հրդեհի ժամանակ
Կեմերովոյի առևտրի կենտրոնի հրդեհից փրկված 11-ամյա տղային հայտնել են, որ իր ընտանիքի անդամները զոհվել են: Ria.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Մոսկվայի գլխավոր պատանեկան հոգեբույժ Աննա Պորտնովան:
Նրա խոսքով՝ տղան արձագանքել է այնպես, ինչպես կարող էր արձագանքել նրա տարիքի երեխան. նա լաց է եղել, իսկ որոշ ժամանակ անց հարցրել է իր ապագայի մասին և թե որտեղ է ապրելու: Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհի ժամանակ հայրը հասցրել է օգնել որդուն դուրս ցատկել պատուհանից, ընտանիքի մյուս անդամներին դա չի հաջողվել: 11-ամյա տղան ընկնելու հետևանքով մի շարք վնասվածքներ է ստացել: Նշենք, որ երեխայի խնամակալությամբ կզբաղվի տատիկը: «Տատիկներից մեկը կդառնա երեխայի խնամակալը: Նա հենց Կեմերովոյից է: Նա բավականին երիտասարդ է, ամեն ինչ պատվով է տանում: Նա շատ է սիրում երեխային, նրանք ընտանիք են»,- ասել է երեխայի իրավունքների հանձնակատար Դմիտրի Կիսլիցինը: