Երիտասարդը Կեմերովոյի հրդեհից 30 երեխայի է փրկել՝ ուսապարկի «խաղալիքի» շնորհիվ
Տեղեկություններն այն մասին, որ երիտասարդ մի տղա Կեմերովոյի առեւտրի կենտրոնի աղետալի հրդեհի ժամանակ 30 երեխայի կյանք է փրկել, արդեն տեւական ժամանակ է շրջում է սոցցանցերում, սակայն տեղեկատվության իսկությունը ԶԼՄ-ներն այդպես էլ չէին կարողանում պարզել, քանի որ ոչ մի գրառման մեջ չի եղել անուն, տվյալներ, լուսանկար:
Ինֆորմացիան ավելի շատ միֆի է նմանվել:
Եվ ահա այսօր հաստատվել է, որ այն, ինչի մասին շարունակ գրում են համացանցում, իրականություն է, այդ երիտասարդն իսկապես հերոսական քայլ է կատարել, սակայն հենց ինքն է ցանկանում մնալ գաղտնի, լրատվամիջոցներից ու աղմուկից հեռու, որովհետեւ երիտասարդն ինքը իրեն հերոս չի համարում:
Комсомильская правда-ի լրագրողը երիտասարդին հանդիպել է այն շտաբում, որը բացվել է Կեմերովոյում՝ հրդեհից տուժածների ընտանիքների աջակցման համար: Պարզվում է՝ տղան առեւտրի կենտրոնում է մնացել 16 ժամ, պատմել են շտաբում հավաքված ծնողները, որոնց երեխաները փրկվել են նրա շնորհիվ:
Երիտասարդը՝ լուսանկարիչ Եվգենին, իմանալով, որ իրենով լրագրողներ են հետաքրքրվում, խնդրել է գոնե չհրապարակել իր ազգանունը:
Եվգենին մասնագիտությամբ լուսանկարիչ է ու աշխատել է միջոցառումների կազմակերպման կենտրոններից մեկում, որը տեղակայված է եղել առեւտրի կենտրոնում ու եղել է ամենամոտը մանկական դահլիճներին:
Երիտասարդին հաջողվել է 30 երեխայի կյանք փրկել՝ շնորհիվ իր ուսապարկի տարողության ու զարմանալի զուգադիպության:
Ուսապարկում եղել են տարբեր իրեր՝ նախատեսված լուսանկարներին հետաքրքրություն հաղորդելու համար, իրերի շարքում նաեւ հակագազ դիմակ է եղել, որը Եվգենին կիրառել է որպես խաղալիք՝ տալով երեխաներին նրանց լուսանկարելիս:
Նկատելով ծուխն ու կրակը՝ մանկական սրահների կողմում, նա արագորեն կողմնորոշվելով հագել է դիմակն ու մտել առաջին դահլիճը, հավաքել երեխաներին, ծխի ամպերի միջից նրան հաջողվել է դուրս բերել ու փրկել 30 երեխայի:
Այն մասին, որ մոտակա կինոդահլիճներում փակված են մնացել 41 երեխաներ, Եվգենին գաղափար անգամ չի ունեցել, իմանալուց հետո չի կարողացել հավատալ, որ իրեն գուցե կհաջողվեր փրկել էլի փոքրիկների:
Հերոս լուսանկարիչը չի պատմել ու չի հայտարարել այն մասին, որ ինքն է համացանցի այդքան քննարկվող երիտասարդը, սոցցանցի իր էջում հրդեհից հետո կարճ գրառում է արել՝ «Ես լավ եմ, ամեն ինչ կարգին է, ցավում եմ բոլոր այն երեխաների համար, որոնց կյանքը չի հաջողվել փրկել»: