Դիլիջանի հրդեհների բռնկման պատճառները հայտնի չեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը հրապարակում է արել այն մասին, թե վերջին օրերին Դիլիջան ազգային պարկի մի շարք տեղամասերում բռնկած հրդեհներն անհանգստության տեղիք են տալիս: «Մարտի 23–ին, ժամը 18։00–ի սահմաններում հրդեհ էր «Շամախյան» տեղամասի 2–րդ պահաբաժնի 10–րդ տեղամասում, հրդեհը մեկուսացվել և մարվել էր մարտի 24–ի գիշերը՝ 2:30–ի սահմաններում: Ըստ նախնական տվյալների, այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ, ծառեր չեն վնասվել։
Մարտի 24–ին ևս հրդեհի մի քանի օջախներ էին հայտնաբերվել. մասնավորապես, ժամը 14–ի սահմաններում Հաղարծին տեղամասի 5–6 րդ պահաբաժիններում՝ ըստ նախնական տեղեկության՝ կրակը բռնկել էր համայնքային տարածքում, իսկ ժամը 20–ի սահմաններում՝ պարկի «Ջիլուտ թալա» կոչվող հանդամասում։ Հրդեհները մարվել էին մի քանի ժամվա ընթացքում:
Հետագա օրերի ընթացքում ազգային պարկի մի շարք տեղամասերում ևս հրդեհների դեպքեր են գրանցել և ընդհանուր թիվը հասել է 6–ի»,– նշել էր նա՝ հավելելով, թե երեկ 16:30–ի սահմաններում հրդեհի օջախ էր հայտնաբերվել Դիլիջան ազգային պարկի Հաղարծին տեղամասի 6–րդ պահաբաժնում: Եվ պարկի աշխատակիցների արագ արձագանքման շնորհիվ կրակը տեղայնացվել էր, հրշեջների օգնությամբ ամբողջությամբ մարվել:
Մարինե Կարապետյանը` պատասխանելով «Փաստ»–ի այն հարցին, թե հստակ տեղեկություն կա՞, որոնք են եղել հրդեհների առաջացման պատճառները, նշեց, որ այս պահին հստակ տեղեկություն չկա, սակայն իրենց աշխատակիցները բոլոր դեպքերի մասին տեղեկացրել են իրավապահներին: Ըստ նրա՝ հրդեհները էական վնաս, մանավանդ անտառին, չեն հասցրել, խոտածածկ տարածքներ են եղել, և բոլոր դեպքերի մասին տեղեկացվել էր և՛ ԱԻՆ–ը, և՛ Ոստիկանությունը:
Կարո՞ղ ենք բացառել այն, որ սա միտումնավոր է արվել կամ անզգուշության հետևանք է: Սրան ի պատասխան՝ նախարարի մամուլի քարտուղարը ընդգծեց, թե ոչ ոք, առավել ևս ինքն իր աշխատասենյակում նստած դա չի կարող ասել: Կարող են ենթադրություն անել, բայց դա որպես պաշտոնական տեղեկություն տրամադրել չեն կարող:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում