Դիտվում է կապույտ հազով հիվանդացության աճ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանում 2017 թվականի վերջից դիտվում է կապույտ հազով հիվանդացության բարձրացում: Կապույտ հազին բնորոշ է 3–4 տարին մեկ պարբերական աշխուժացումը: Վերջին ակտիվությունը գրանցվել էր 2013–2014 թվականներին: Հիվանդացության պարբերական ակտիվացումը պայմանավորված է պատվաստումներում ուշ ընդգրկման, պատվաստումներից հրաժարման և թերի պատվաստված անձանց կուտակմամբ, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Տարեսկզբին` հունվար–փետրվարին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում կապույտ հազի հիվանդացությունն աճել է 6 անգամ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է կապույտ հազի 17 դեպք, որոնցից 13–ը (77%) չպատվաստված են, 1–ը (6%)՝ թերի պատվաստված: Կապույտ հազի դեպքերից 11–ը 0–1 տարեկան երեխաներ են: Գրանցվել է նաև կապույտ հազից 2 ամսական երեխայի մահվան 1 դեպք:
Կապույտ հազը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդությունը սկսվում է ընդհանուր թուլությամբ, հազով, ջերմության բարձրացումով։
Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է»,– ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում