Ռոզային կարող են որոշ բաներ դուր չգալ սերիալում, բայց որոշում են ռեժիսորն ու սցենարիստը. Պրոդյուսերը՝ «Նռան հատիկ»-ի շուրջ քննարկումների մասին
Երեկ լուրեր տարածվեցին, թե «Նռան հատիկ» հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհին՝ երգչուհի Ռոզա Ֆիլբերգն, արդեն մեկ շաբաթ է, ինչ չի ներկայանում նկարահանումներին, քանի որ նրա ու սերիալի ստեղծագործական անձնակազմի միջեւ կոնֆլիկտ է եղել: Իսկ պատճառը եղել է այն, որ Ռոզան չի ցանկացել նկարահանվել ընտրված տարածքում ու նշել է, որ այդ տարածքում ինքն իրեն անհարմար է զգում եւ չի կարող մի քանի օր շարունակ նկարահանվել։ Ռոզա Ֆիլբերգի եւ «Նռան հատիկ»-ի շուրջ սա միակ քննարկումը չէ: Դերասանուհու՝ այս սերիալում մասնակցության առաջին իսկ օրից քննադատություններն ու թեժ քննարկումներն իրար են հաջորդում: Թե որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանը եւ ինչպես է Ռոզան վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններին, մեկնաբանել է երգչուհու պրոդյուսեր Գերորգի Հարությունյանը:
«Ռոզան երեկ 21:30-ին նոր ավարտել է նկարահանումները: Այսինքն՝ նա շարունակում է մասնակցել «Նռան հատիկ»-ի նկարահանումներին: Ամեն ինչ նորմալ եւ իր հունով ընթանում է: Գիտեք, ցանկացած դերասանի էլ տվյալ նախագծում կարող է ինչ-որ մի բան դուր չգալ, բայց որոշումներ կայացնում է ռեժիսորն ու սցենարիստը, իսկ, եթե դերասանը պրոֆեսիոնալ է իր աշխատանքում, ապա նա փորձում է հարցերին ճիշտ լուծում տալ: Պարզ է, որ Ռոզային կարող են որոշ բաներ դուր չգալ սերիալում, բայց որոշում են ռեժիսորն ու սցենարիստը»,- նշեց Գեորգին:
Հարցին, թե արդյոք Ռոզան նաեւ համապատասխան պայմանագիր է ստորագրել, ըստ որի ցանկության դեպքում չի կարող հրաժարվել սերիալում նկարահանվել, պատասխանեց.
«Երկկողմանի շատ պայմանագրեր կան, բայց մենք հիմա չենք խորանում դրանց կետերի մեջ, քանի որ սերիալից դուրս գալու հարց չկա: Երկու կողմին էլ պետք է, որ Ռոզան մասնակցի «Նռան հատիկ»-ին»:
Դիտարկմանը, որ այս հեռուստասերիալը ցուցադրման առաջին իսկ օրից հաճախ է քննադատությունների կենտրոնում հայտնվում: Ռոզա Ֆիլբերգը եւս այդ քննարկումների կիզակետում է, եւ հարցին, թե ինչպես է դրանց վերաբերվում երգչուհին, պրոդյուսերը պատասխանեց.
«Եթե մարդը որոշում է ինչ-որ գործ անել, ապա ցանկացած կրիտիկա իր համար պետք է կարեւոր լինի, քանի որ դրանցից ելնելով՝ կարծիք է կազմում իր իսկ մասին. առողջ քննադատություններից դասեր է քաղում, փորձում է սխալների ուղղում անել, իսկ անառողջ քննադատություններրը պարզապես անտեսում է: Ռոզան նույն կերպ է վարվում: Ռոզային այդ բոլոր քննադատություններն ավելի ուժեղ ու պրոֆեսիոնալ են դարձնում»:
Իսկ վերջում, հարցին, թե սերիալում մեծ զբաղվածությունը, որեւէ կերպ խոչընդոտո՞ւմ է, որ Ռոզան ավելի քիչ ժամանակ տրամադրի երգչուհու կարիերային, Գեորգի Հարությունյանը ընդգծեց.
«Ոչ, նման բան չկա: Ռոզան աշխատասեր մարդ է, նա կարողանում է ճիշտ եւ համակարգված գործելաոճի շնորհիվ համատեղել երկու աշխատանքներն էլ: Ավելին ասեմ՝ այս պահին մենք զբաղված ենք նոր երգերով, որոնք շուտով Ռոզան կներկայացնի հանրությանը»: