ԱՄՆ–ի կառավարության դրամաշնորհը՝ առողջապահության նախարարությանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարության մարտի 22–ի նիստի օրակարգում է ներառվել ՀՀ առողջապահության նախարարության «Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության և ընտանիքի պլանավորման/վերարտադրողական առողջության բարելավում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը հաստատելու մասին նախագիծը:
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ–ն հանդիսանում է վերոնշյալ ծրագրի ենթադրամաշնորհառու, որի հետ նախատեսվում է կնքել դրամաշնորհի հատկացման պայմանագիր` համապատասխան ծրագրային նպատակների իրականացման համար: Ծրագրի գումարը կազմում է 212356,38 ԱՄՆ դոլար:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները բաժնում նախարարությունն ընդգծել է, որ տվյալ ծրագրի միջոցով ԱՄՆ–ի կառավարությունն աջակցելու է ՀՀ առողջապահության նախարարությանը մի քանի նպատակներով: Առաջինը հանրային ծառայությունների մատուցման համակարգում թափանցիկության ու հաշվետվողականության բարելավումն է: Ողղություններից մեկը առողջապահական հաստատությունների անձնակազմի կարողությունների զարգացումն է բժշկական ապրանքների պետական գնումների կազմակերպման նպատակով: Ընդգծվել է նաև տուբերկուլյոզի, մոր և մանկան առողջության, վերարտադրող ՄԻՊ–ի և ՀԳ / ԳՀ–ի ոլորտներում պետական ֆինանսավորվող առողջապահական ծառայությունների տրամադրման ծախսերի գնահատման ուղղությունը: Նպատակներից մեկն էլ լոգիստիկայի կառավարման միասնական տեղեկատվական համակարգի ներդրումն է բոլոր կենտրոնացված գնվող դեղերի և պարագաների, ներառյալ հակաբեղմնավորիչների համար:
Նախատեսվում է նաև բարելավել գերակա ոլորտներում հանրային առողջության տվյալների հավաքագրումը:
Կարգավորման նպատակը և բնույթը բաժնում նախարարությունը շեշտել է, որ Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության և ընտանիքի պլանավորման/վերարտադրողական առողջության բարելավում» դրամաշնորհային ծրագրի 2018 թվականի բյուջեի հաստատումը թույլ կտա բարելավել նաև Հանրային ծառայությունների մատուցման համակարգում թափանցիկության ու հաշվետվողականության բարելավումը:
Նախագծում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում նախատեսվում է ավելացում եկամտային մասում՝ 102580,9 հազար դրամի չափով և ծախսային մասում` 103570,1 հազար դրամի չափով, դեֆիցիտը կամ մնացորդը կազմում է 989,2 հազար դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում