Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–փետրվարին աճել է 8,6%–ով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվար–փետրվարին 8,6%–ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ–օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:
Ընթացիկ տարվա երկու ամսվա ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 22,7%` 21 միլիարդ 643 միլիոն դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2018 թվականի հունվար–փետրվարի ցուցանիշը 3,5%–ով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017 թ. երկու ամսվա համեմատ` այս տարի ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 15,1%–ով` կազմելով 225 միլիարդ 686,2 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 0,1%–ով` կազմելով 45 մլրդ 332,1 մլն դրամ:
Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հունվար–փետրվարին ավելացել է 3,1%–ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 4,4%–ով: Առևտրի շրջանառությունն ավելացել է 17,4%–ով և կազմել 395 միլիարդ 062,3 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 254 միլիարդ 703,5 միլիոն դրամ է, ինչը 8,3%–ով ավելի է 2017–ի հունվար–փետրվարի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8,9%–ով (197 հազար 850 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 167 հազար 364 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 8,6%–ով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 226 հազար 459 դրամ` աճելով 4,7%–ով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2018–ի հունվար–փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 43,2%–ով (1 միլիարդ 098,4 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 41%–ով (386,9 մլն դոլար), իսկ ներմուծումը` 44,4%–ով (711,5 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018–ի հունվար–փետրվարին եղել է 481,88:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում