ՊՈԱԿ–ի՝ 3 տարվա ընթացքում կուտակած 400 միլիոն դրամ պարտքը կվճարի պետությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացած արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կտրամադրվի ավելի քան 400 միլիոն դրամ, որն էլ կփոխանցվի ՊՈԱԿ–ին: Այս նպատակով www.e–draft.am կայքում նախագիծ է դրվել շրջանառության:
Պարզվում է՝ «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 2015 թ. դեկտեմբերից մինչև այս տարվա մարտի 5–ը մատուցված ծառայությունների համար հաշվարկել և հաշվառման վայրի հարկային տեսչություն է ներկայացրել ԱԱՀ–ի հաշվարկ, սակայն «Անասնաբուժասանիտարիային և բուսասանիտարիային ծառայությունների մատուցում» և «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրերով կնքված դրամաշնորհային պայմանագրերում ԱԱՀ–ի գումարներ նախատեսված չլինելու պատճառով չի կատարել ԱԱՀ–ի գծով հարկային պարտավորությունները:
Կազմակերպության ավելացած արժեքի գծով պարտավորությունը մարտի 5–ի դրությամբ կազմել է 439 միլիոն 16 հազար դրամ, որից ապառքը՝ 291 միլիոն 630 հազար դրամ, տույժը՝ 146 միլիոն 279 հազար և 1 միլիոն 106 հազար դրամ, որն իր մեջ ներառում է նաև ՊԵԿ–ի կողմից 2014 թ. դեկտեմբերի 27–ին կազմված ստուգման ակտի շրջանակում հաշվարկված 10%–ի գծով պարտավորությունը ուշ մարելու արդյունքում առաջացած տույժի և 2017 թ. դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմակերպության դեբիտորական մնացորդների հաշվին մարված գումարը:
Որպես պատճառաբանություն նախագծի մեջ ասված է, որ ներկա պահին ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ՊՈԱԿ–ը չի կարող կատարել հարկային պարտավորության մարումը: Միաժամանակ տեղեկացնում են, թե կազմակերպությունը այլ եկամուտների գծով բոլոր հարկերը՝ ԱԱՀ, շահութահարկ և այլն, սահմանված կարգով և չափով մուծում է պետական բյուջե, իսկ ծախսումները կատարվում են համաձայն նախահաշվի:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հեղինակած նախագծի նպատակը նախարարությանը գումար հատկացնելու և «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետագա պարտավորությունները մարելու նպատակով անհրաժեշտ գումարի հատկացումն է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում