Ընտանիքում բռնության ենթարկվածներին գումար կտրամադրվի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտանիքում բռնության ենթարկվածներն ի թիվս այլ խնդիրների, գործնականում հաճախ բախվում են ժամանակավոր ֆինանսական աջակցություն ստանալու կայուն աղբյուրի բացակայությանը: Այս մասին նշված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան կողմից ներկայացված նոր նախագծում, որով սահմանվում է ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման կարգը: Ըստ ՀՀ կառավարության՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր նյութական աջակցություն ցուցաբերելու, այդ նպատակով հաշվեհամար բացելու և դրա տնօրիման հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես՝ սահմանվել են ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցության տրամադրման հիմնական սկզբունքները, ֆինանսական աջակցության դեպքերը և չափը, ինչպես նաև կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր ֆինանսական աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Ըստ նախագծի՝ ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի ՀՀ պետական բյուջեի միջոցներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցներից: Ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրվում է ոչ ավելի՝ քան նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով:
Մանրամասն ընդգծվել են այն դեպքերը, համաձայն որոնց բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի: Աջակցություն կտրվի կենսապահովման նվազագույն կարիքները հոգալու, բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով մասնակի փոխհատուցման, ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով մինչև վեց ամիս ժամկետով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման, աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար: Ֆինանսական աջակցություն կտրամադրվի ընտանիքում բռնության ենթարկված անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշումը կայացնում է լիազոր մարմնի ղեկավարը: Լիազոր մարմնի ղեկավարը ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցության տրամադրման որոշումը կայացնում է լիազոր մարմնին առընթեր գործող Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի նախագահի կողմից հաստատված եզրակացության հիման վրա:
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի կազմակերպման աշխատանքներն իրականացնում է խորհրդի քարտուղարությունը: Մասնավորապես՝ ֆինանսական աջակցության տրամադրման հարցերով զբաղվող բազմամասնագիտական խումբը յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փաստաթղթերը, կայացնում է ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ եզրակացություն և ներկայացնում քարտուղարություն:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում