Փոքր խմբակցություն, բայց մեծ թիմ ունեցող «Ելք»–ը վարչապետի իր թեկնածուներն ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ժամանակ» թերթն այսօր գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կառաջադրվի վարչապետի թեկնածու, և «Ելք» խմբակցությունը կսատարի նրան, ինչպես նաև, որ դա կլինի «Ելք»–ի փոխզիջումը Փաշինյանին՝ նրա հետ Ազատության հրապարակ չգնալու հարցում:
«Պաշտպանելով Փաշինյանի թեկնածությունը, բայց չգնալով Ազատության հրապարակ՝ «Ելք»–ի անդամ մյուս կուսակցությունները ցույց կտան, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ են խորհրդարանական պայքարում, բայց չեն կիսում փողոցային պայքարի նրա մոտեցումները՝ իրենց վրա չվերցնելով նաև այդ պայքարի արդյունքում արձանագրվելիք պարտության պատասխանատվությունը»,– կարդում ենք հոդվածում:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը «Փաստ»–ի հետ զրույցում ժխտեց այդ ամենը՝ անվանելով չճշտված ինֆորմացիա: Պատգամավորի խոսքով՝ իրենք նման որոշում չունեն, նույնիսկ չեն էլ քննարկել այդ հարցը, որպեսզի որոշում ունենան:
– Եթե խոսակցություններ են, ապա մեզնից դուրս, որովհետև մեր ներսում նույնիսկ այդպիսի խոսակցություն առայժմ չկա: Մենք մեր վարչապետի թեկնածուի հետ կապված նույնիսկ քննարկում չենք սկսել: Այնպես, որ այդ խոսակցությունները դրսում են, ոչ թե՝ ներսում:
– Տիկին Նազարյան, եթե Նիկոլ Փաշինյանը գնա Ազատության հրապարակ, կուսակցության անդամները նույնպե՞ս այնտեղ կլինեն:
– Միանշանակ: Կուսակցության բոլոր անդամներն առանց բացառության կլինեն նրա հետ, այդտեղ տարաձայնություն չկա:
– Վարչապետի թեկնածության հարց, եթե անգամ դեռ չեք քննարկել, պատրաստվո՞ւմ եք քննարկել առհասարակ:
– Կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա: Իմ անձնական կարծիքով՝ մենք պետք է վարչապետի թեկնածության հարցը քննարկենք և ունենանք:
– Եթե անգամ ձեր պատգամավորների քանակը չբավարարի՞:
– Նշանակություն չունի՝ դա քաղաքական պաշտոն է: Մենք քաղաքական պաշտոնների համար առաջադրում ենք մեր թեկնածուներին, ինչպես դա եղավ Ազգային ժողովի նախագահի, երկրի նախագահի դեպքում: Վերջինի դեպքում ցանկանում էինք Արտակ Զեյնալյանին առաջադրել, բայց առաջադրման համար մեր ձայները բավարար չէին, դրա համար հնարավոր չեղավ:
Բայց ուզում եմ ասել, որ մենք ունենք թեկնածուներ: Ուղերձն այն է, որ լինելով նույնիսկ փոքր խմբակցություն, մենք մեծ թիմ ենք և մեր կազմում կան մարդիկ, ովքեր կարող են ստանձնել քաղաքական պատասխանատվություն և բարձր պաշտոններում լինել:
– Եթե ունեք նման թեկնածուներ, ակնկալո՞ւմ եք, որ այլ խմբակցությունների պատգամավորների մի մասը ձեզ կաջակցի:
– Գաղտնի քվեարկություն է, չգիտենք՝ ինչպես կարող է լինել:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում