«Նաիրիտ–2»–ը տարա՜ն, տարա՜ն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությունը հավանություն տվեց 100% պետական մասնակցությամբ «Նաիրիտ–2» ՓԲԸ–ին սեփականության իրավունքով պատկանող շենք–շինությունները և դրանցով զբաղեցված օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 10,3 հազ. հողատարածքն «Ա–Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ–ին օտարելու նախագծին: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Կարեն Ղահրամանյանը նշեց, որ գույքային համալիրն անկախ գնահատողի կողմից գնահատվել է 626,9 մլն դրամ շուկայական գնով:
«Գնորդը պատրաստակամություն է հայտնել մոտակա 7–10 տարիների ընթացքում ներդնել 7,5 մլրդ դրամ և նախնական հաշվարկներով ստեղծել 250 նոր աշխատատեղ»,– ասաց փոխնախարարը:
«Ա–Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ–ն գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին` պատրաստակամություն հայտնելով ձեռք բերել գույքային համալիրը և այն օգտագործել իր ծրագրերի համար` արդյունաբերական և այլ գործարար նպատակներով: Մասնավորապես, նախատեսվում է նշված տարածքում հիմնել մեխանիկական արտադրամաս, ժամանակակից բետոնի գործարան, շինանյութերի արտադրության և վերամշակման լրակազմ կենտրոն, շինարարական նյութերի և կիսապատրաստուկների կենտրոնացված պահեստ, երկաթբետոնե և բետոնե կառուցվածքների արտադրամաս, վարձակալությամբ տրվող պահեստային տարածքներ` կահավորված անհրաժեշտ բեռնման և բեռնաթափման սարքավորումներով, վարձակալությամբ տրվող մատչելի գրասենյակային տարածքներ փոքր և միջին բիզնեսի համար, բարձրորակ և միաժամանակ մատչելի հյուրանոցային համալիր և այլն:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում