Փաշինյանի գրառումը անպատասխան հարցեր առաջացրեց. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել էր. «Գործողությունների նախնական պլանը քննարկեցի ընտանիքիս հետ։ Հավանության արժանացավ։ Պատրաստ են ինձ վերստին գործուղել Ազատության հրապարակ»:
Այս գրառումը բավական արագ բազմաթիվ լայքեր հավաքեց, իսկ օգտատերերի մի մասն էլ դրա տակ մակագրում էր` միտքը ողջունելու և իր միանալու մասին:
Թե իրականում ինչի՞ն պետք է միանալ, կամ ի՞նչն է հայտնի քաղաքական գործչին կրկին Ազատության հրապարակում լինելու ցանկություն առաջացրել, վերջինս չի նշել: Փակագծերն այդպես էլ փակ են:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կրկին Ազատության հրապարակում լինելու հայտարարությանը, նշեց.
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել պարոն Փաշինյանի անձնական գրառումները: Երբ մենք ինչ–որ բան անելու որոշում կայացնենք, մենք դրա մասին կհայտարարենք: Դեռ կոնկրետ որոշում չկա»: Դիտարկմանը, թե գրառումը տեսնելով` շատերի մոտ հարցականներ են առաջացել, թե դա ինչ նպատակ ունի, Նիկոլ Փաշինյանի կուսակիցը պատասխանեց, որ կարծում է, պարոն Փաշինյանը նման գրառումներ անում է հենց հարցեր առաջացնելու համար:
«Փաստ»–ը խոսել է նաև «Ելք» խմբակցության մամուլի խոսնակ, Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանի հետ, ով հայտնեց, որ դրա շուրջ դաշինքում քննարկում չի եղել և իրենք չեն մեկնաբանում: Սամսոնյանից նաև հետաքրքրվեցինք, թե թանկացումների դեմ ընթացող երթերն այլևս չե՞ն լինի, ինչին ի պատասխան ավագանու անդամը տեղեկացրեց. «Թանկացումների դեմ իրականացվող ակցիաները նախատեսված էին իշխանության վրա ճնշում գործադրելու, խնդիրը նրանց օրակարգում պահելու և ԱԺ–ում արտահերթ նիստ հրավիրելու համար։ Մեզ հաջողվեց հավաքել անհրաժեշտ 29 ստորագրությունները արտահերթ նիստ հրավիրելու համար։ «Ելք»–ը արտահերթ նիստի օրակարգով ԱԺ էր մտցնելու Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը։ Ինչպես գիտեք՝ փետրվարի 16–ին տեղի ունեցավ նիստը, որից հետո խորհրդարանը 35 կողմ և 38 դեմ ձայներով մերժեց մեր նախագիծը»։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում