Սուրեն Զոլյանի կարծիքով պատերազմի մասին կանխատեսումները չափազանցված են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո քաղաքագիտական փորձագիտական շրջանակների կողմից պարբերաբար շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ուր որ է կրկին պատերազմ է սկսվելու: Նույնիսկ դրա ժամկետներն են նշվում, մարդիկ ահաբեկվում են, գալիս է այդ ժամանակը, անցնում, հետո պարզվում է, որ դա ընդամենը ժողովրդի ուշադրությունը շեղելու քարոզչական հնարք է եղել:
Հիմա, հերթական անգամ, շրջանառության մեջ է մտել արդեն մայիս–հունիս ամիսներին պատերազմ սկսվելու մասին թեզը, որը հիմնավորվում է Ադրբեջանի նախագահական ընտրություններն ապրիլին անց կացնելով:
Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով Հայաստանում վերջին շրջանում քարոզչական առումով ռազմականացում է գնում, որն իր տրամաբանությունն ունի, որի պատճառը հստակ է:
«Այդ գաղափարները պետք է քարոզչության միջոցով ներքին տրամաբանական զարգացում ապրեն, որ եթե կա բանակ, ապա անպայման պետք է թշնամի լինի: Եվ դրանով արդարացնում են ռազմականացումը»,– ասաց Ս. Զոլյանը:
Նրա դիտարկմամբ, եթե այսօր շեշտը դրված է այն հանգամանքի վրա, որ բանակն անհրաժեշտ է, ապա պետք է խոսվի նաև այն մասին, թե ինչ սպառնալիքներ կան, որոնք կարող են առասպելի վերածվել:
«Շատ քիչ է խոսվում երկրի զարգացման մասին: Այն մասին, որ ծրագրեր չկան: Չի խոսվում, թե ինչպես պետք է հաղթահարենք արտագաղթը: Եվ բնական է, որ այս պահին մարդկանց ուշադրությունը տնտեսական խնդիրներից շեղելու համար խոսվում է պատերազմի սպառնալիքներից»,– ասաց քաղաքագետը:
Ս.Զոլյանի կարծիքով ամենամեծ մարտահրավերն այն է, որ երկիրը տնտեսապես ոչ միայն չի զարգանում, այլև հետ է գնում, որն ամենամեծ սպառնալիքն է: Եվ տնտեսական քաղաքականության ձախողումից ուշադրությունը շեղելու համար նման քարոզչություն են իրականացնում:
Խոսելով այն մասին, որ օրեր անց Հայաստանի խորհրդարանը ՀՀ 4–րդ նախագահին կընտրի, քաղաքագետն ասաց, որ ինքը նախագահի պաշտոնի հետ առանձնապես հույսեր չի կապում, քանի որ Հայաստանի պայմաններում այդ պաշտոնում ընտրված անձն առանձնապես շատ բան չի կարող իրականացնել: Եվ, առաջ չընկնելով իրադարձությունների ընթացքից, ասաց.
«Ես իրատես եմ: Կապրենք կտեսնենք, թե Արմեն Սարգսյանին ինչքանով կհաջողվի առաջնորդելով ղեկավարել Հայաստանը»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում