Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մարտի 1–ին Գեղարքունիքի մարզի Լիճքի համայնքապետարանում տեղի կունենան «Ալկաֆիշ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Լիճք համայնքում մանրաձկան արտադրամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Համաձայն կառավարության էլեկտրոնային ռեգիստրի՝ «Ալկաֆիշ» ՍՊԸ–ն հիմնադրվել է ընդամենը ամիսներ առաջ՝ 2017 թ. նոյեմբերի 15–ին։ Հիմնադիրն էլ Սողոմոն Սերյոժայի Սողոմոնյանն է, ով նախորդ տարի ընդգրկված է եղել «Ծառուկյան» դաշինքի՝ պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակում։
Սողոմոնյանը ծնունդով մարտունեցի է, մասնագիտությամբ ինժեներ–տեխնոլոգ։ 1989–2003 թթ. աշխատել է «Հայձուկ» միավորման Լիճքի ձկնաբուծական գործարանում՝ որպես տնօրեն: 2003–2007 թթ. եղել է «Գոս» ՓԲԸ–ի խորհրդի նախագահ, իսկ 2007–2014 թթ. աշխատել է բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ Գեղարքունիքի ՏԲ պետ:
Կենսագրությունից պարզ է դառնում, որ ձկների բուծումը նրա համար նորություն չէ։ Այսօր արդեն նա իրեն պատկանող ընկերության կողմից պատրաստվում է մանրաձկան արտադրություն իրականացնել։
Ինչպես տեղեկանում ենք նախագծից՝ նախատեսվող կառույցը իրենից ներկայացնելու է մեկ հարկանի առանց նկուղի կարկասային կառույց: Շենքի հիմքերը կլինեն ժապավենաձև, հիմնային հեծաններով: Նախագծի մեջ նաև ասված է, որ մանրաձկան արտադրամասը սոցիալական և տնտեսական կարևոր նշանակություն ունի մարզի զարգացման համար:
Նախատեսվող գործունեության տարածքը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ավազանի հարավ–արևելյան մասում՝ Գեղամա լեռնաշղթայի հարավային և Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լեռների ստորոտներում, ծովի մակերևույթից մոտ 1900–2100 մ նիշերի սահմաններում: Արտադրամասի ընդհանուր մակերեսը կկազմի 1413,1 քառակուսի մետր, իսկ ընդհանուր շինարարական աշխատանքները կտևեն 24 ամիս:
Ըստ նախագծի՝ կառուցվող շինության մեջ, փակ ցիկլում նախատեսվում է ստանալ մինչև 1 միլիոն մանրաձուկ: Փակ ցիկլում պահանջվում է 3 ամիս 100 գրամանոց մանրաձուկ ստանալու համար: Այդ նպատակով պահանջվում է ջրով տարեկան մեկանգամյա լիցքավորում, որը կազմում է 100 հազար խոր. մ: Մանրաձուկը կառուցվող շինության մեջ աճեցվում է մինչև 100 գրամ, որից հետո տեղափոխվում է հողային ավազաններ՝ ապրանքային ձուկ ստանալու նպատակով՝ մեկ կիլոգրամ և ավել՝ ըստ պահանջարկի: Առաջին տարում նախատեսվում է ստանալ 200 տոննա ապրանքային ձուկ: Ընդհանուր առմամբ նախատեսվող մանրաձկան և հետագայում ապրանքային ձկան արտադրամասի առավելագույն հզորությունը կկազմի հազար տոննա: Մանրաձկան աճեցման համար տեղադրվելու են 8 հատ՝ յուրաքանչյուրը հազար խոր. մ ջրի ծավալով և 8 հատ յուրաքանչյուրը 10 հազար խոր. մ ջրի ծավալով ավազաններ: Ապրանքային ձկան աճեցման համար նախատեսվում է բացօթյա 2 հողային ավազան՝ յուրաքանչյուրը 25 հազար 740 խոր. մ ծավալով:
Ընկերության ջրամատակարարումը իրականացվելու է «ԳՈՍ» ՓԲԸ–ի(որի խորհրդի նախագահը ժամանակին եղել է Սողոմոնյանը) հետ կնքած համաձայնագրով և Լիճք գետից: Կենցաղ–կոմունալ հոսքաջրերը ենթարկվելու են մաքրման տարածքում նախատեսվող կենսաբանական մաքրման կայանում։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում