Հայաստանում ավելի շատ կանայք կան, քան տղամարդիկ, բնակչության թվաքանակն էլ նվազում է՝ հասցնելով ժողովրդագրական ծերացման. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս մասին իմանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքում տեղ գտած հրապարակումից: Մասնավորապես, ըստ ուսումնասիրության՝ Հայաստանի 2 միլիոն 998 հազար 577 մշտական բնակչությունից 1 միլիոն 569 հազար 535 կանայք են, իսկ մնացած 1 միլիոն 429 հազար 42–ը՝ տղամարդիկ:
Ինչ վերաբերում է կանանց և տղամարդկանց թվի համամասնությանը քաղաքային և գյուղական բնակավայրերի մասով, ապա գյուղական համայնքում այն գրեթե հավասար է, իսկ քաղաքներում կրկին ավելի շատ են կանայք: Այսպես, գյուղերում բնակվող կանանց թիվը կազմում է 551 հազար 623, իսկ տղամարդկանցը՝ 539 հազար 948: Քաղաքային բնակավայրերի դեպքում պատկերն այսպիսին է՝ 1 միլիոն 17 հազար 912 կանայք են, իսկ 889 հազար 94–ը՝ տղամարդիկ:
Ըստ www.armstat.am կայքի հրապարակման՝ Հայաստանի բնակչությունը բնութագրվում է ժողովրդագրական ծերացումով և թվաքանակի նվազումով՝ պայմանավորված ծնելիության ցածր մակարդակով և բարձր արտագաղթով:
Հայաստանում կատարված ուսումնասիրությունների տվյալներով՝ 0–14 տարեկան և 63 տարեկանից բարձր տարիք ունեցող կանանց թիվը գրեթե միանման է: 0–14 տարեկանները 274 հազար 949 են, իսկ 63–ից բարձր տարիք ունեցողները՝ 231 հազար 995: Միաժամանակ 15–29 տարեկան երիտասարդ կանանց թիվը կազմում է 346 հազար 573, իսկ 30–62 տարեկաններինը՝ 716 հազար 18:
Տղամարդկանց դեպքում էլ 0–14 տարեկանների և 15–29 տարեկանների թվերն են միմյանց մոտ: Այսպես 0–14 տարեկան տղաները կազմում են 313 հազար 899, 15–29 տարեկանները՝ 342 հազար 982, 30–62 տարեկանները՝ 616 հազար 497, իսկ 63 տարեկանից բարձր տարիք ունեցող տղամարդիկ էլ՝ 155 հազար 664:
Ըստ ԱՎԾ–ի կատարած ուսումնասիրության՝ ՀՀ–ում մարդիկ ավելի երկար են ապրում, ամուսնանում ավելի ուշ և քիչ երեխաներ ունենում:
Այսպես, 2015 թ. կանանց կյանքի սպասվող տևողությունը ծննդյան պահից կազմել է 78,2 տարի, ինչը շատ ավելի երկար է, քան 1958 թ.–ին, երբ կյանքի միջին տևողությունը կազմել էր 70 տարի: Տղամարդկանց կյանքի սպասվող տևողությունը 2015թ.–ին կազմել է 71,7 տարի, 1958 թ.–ին՝ 67 էր: Առաջին ամուսնության միջին տարիքն աճել է տղամարդկանց և կանանց համար: 2015 թ.–ին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել է 26,2, իսկ տղամարդկանցը՝ 29,4: Սա զգալիորեն ավել է, քան 1990 թ.–ին, երբ կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել էր 22,8, իսկ տղամարդկանցը՝ 25,8:
Պտղաբերությունը կամ մեկ կնոջ հաշվով երեխաների միջին թվաքանակը, սկսած 1990 թ.–ից արագորեն նվազել է` հատկապես գյուղական վայրերում: 1990 թ.–ին գյուղական վայրերում կանայք իրենց կյանքի ընթացքում ունենում էին միջինը 3,2 երեխա՝ մեկ կնոջ հաշվով, քաղաքային վայրերի՝ 2,3 երեխայի համեմատ: Ցուցանիշների նվազման հետևանքով, եթե 2014 թ.–ին գրեթե վերացել էր գյուղական ու քաղաքային ցուցանիշների միջև առկա տարբերությունը, ապա 2015 թ.–ին գյուղական վայրերում ցուցանիշը զգալիորեն նվազել է քաղաքայինի համեմատ, և պտղաբերության գործակիցը կազմել է 1,5՝ քաղաքային վայրերի 1,7 երեխայի համեմատ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: