«Ծառուկյան դաշինք»–ում Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը կքննարկվի առաջիկայում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ–ն Հայաստանի 4–րդ նախագահի պաշտոնում առաջադրելու է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը, հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեցին այլ քաղաքական կուսակցություններ: Հարցն ավելի ուշագրավ էր դարձել, երբ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀՀԿ–ն այնպիսի թեկնածու է առաջադրել, որն ընդունելի կլինի բոլոր՝ ինչպես իշխանական ու իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր բոլոր ուժերի համար:
Այս հայտարարությունն անշուշտ մեկնաբանման կարիք ուներ և մամուլը սկսեց հատկապես ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվել, թե նրանք ինչ կարծիք ունեն Արմեն Սարգսյանի՝ որպես ՀՀ 4–րդ նախագահի մասին:
«Փաստը»–ը ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Գևորգ Պետրոսյանից փորձեց պարզել, թե արդյոք դաշինքում քննարկվե՞լ է հարցը:
«Մեր կուսակցությունում բոլոր հարցերը որոշվում են բոլոր պատգամավորների, քաղխորհրդի անդամների հետ մեկ առ մեկ քննարկելուց, ինչպես նաև քաղաքական այլ գործիչների կարծիքները հաշվի առնելուց հետո միայն: Գագիկ Ծառուկյանը երբեք միանձնյա որոշումներ չի կայացնում և բոլոր հարցերը դաշինքում լուծվում են ներքին ազատ, թափանցիկ և ժողովրդավարական սկզբունքների հիման վրա: Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուի հարցին, ապա այդ հարցը դեռ չենք քննարկել»,– ասաց պատգամավորը:
Նա նաև նշեց, որ չկա հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ հարց, որի մասին «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներն իրենց կարծիքը չհայտնեն, իսկ որոշումները կայացվում են համատեղ, որից հետո նոր ներկայացվում է հանրությանը:
Պատասխանելով հարցին, թե ԱԺ–ում կազմակերպված գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումները բավարարեցի՞ն «Ծառուկյան դաշինքի» անդամների սպասելիքները, Գևորգ Պետրոսյանն ասաց.
«Մենք հավատարիմ ենք մեր նախընտրական խոստումներին և «Ծառուկյան դաշինքն» իր նախընտրական ծրագրում ներկայացնելով 15 կետերը, նշել էր, որ կարևորում ենք երկրում հարկային և մաքսային վարչարարության համապատասխանեցումը մեր իրականությանը: Եվ այսօր էլ մենք չենք հրաժարվում այդ ծրագրային դրույթներից և կարծում ենք, որ հարկային և մաքսային վարչարարությունն ուղղակիորեն կանխորոշում է Հայաստանից արտագաղթը: Իսկ սա մեր թիրախային կարևոր կետերից մեկն է, ինչը մեղմելու համար մենք մեր բոլոր հնարավորությունները ծառայեցնելու ենք, որպեսզի մեր ներկայացրած ոչ միայն այդ, այլև մյուս ծրագրային դրույթները կյանքի կոչվեն: Եվ այն քաղաքական ուժը, որը ոչ թե թղթի վրա կամ բանավոր, այլ իրականում իր ծրագրերում հաշվի կառնի մեր կողմից ներկայացրած ծրագրային դրույթները և կիրականացնի միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան կյանքի կոչել դրանք, մենք կհամագործակցենք այդ ուժի հետ»,– ասաց Գ. Պետրոսյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում