Շնորհակալ եմ Վիտալինային. նա հաշտեցրեց ինձ հորս հետ. Ստեփան Ջիգարխանյան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի որդին՝ Ստեփանը, ով հոր հետ չէր շփվել մոտ 20 տարի, վերականգնել է հարաբերություններն Արմեն Բորիսովիչի հետ։
Հոր հետ վեճից հետո նա ուղևորվել էր Ամերիկա։ Վերջերս 52-ամյա Ստեփանը վերադարձել է Մոսկվան՝ մորը՝ Տատյանա Վլասովային տեսնելու և հոր հետ խոսելու համար։ Այն մասին, թե ինչպես է անցել հանդիպումը, Ստեփանը պատմել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ հարցազրույցում։
«Տևական ժամանակ մտածում էի, թե ինչ բառերով պետք է սկսեմ հանդիպումը հորս հետ»,-ասել է Ստեփան Ջիգարխանյանը,- «Սակայն երբ գնացի թատրոն և բացեցի նրա կաբինետի դուռը, նա անմիջապես առաջինն ասաց. «Որդի՛ս, արի-արի…» Եվ վերջ, ասես այդքան տարի չէր անցել։ Այո, հայրիկը փոքր-ինչ ծերացել է, սակայն մտքի պայծառությունը, բոլոր առոգանությունները միանգամայն պահպանվել են։ Չէի սպասում նրան տեսնել այդքան լավ վիճակում։ Կեցցե՛ հայրիկը։ Այդ տրագիկոմիկ իրավիճակից դուրս է գալիս արժանապատվորեն և չի կորցնում ո՛չ հումորը, ո՛չ մտքի սրությունը, ո՛չ առողջությունը»։
«Ի՞նչ ժառանգություն։ Վիտալինայից հետո ոչինչ չի մնացել։ Ես երբեք էլ չեմ մտածել ժառանգության մասին։ Իմ մասին հիշել են տեղեկատվական պատերազմի թեժ պահին»,-ասել է նա՝ հավելելով, որ վաղուց ապրում է իր կյանքով։
«Մեծ հաշվով ես պետք է շնորհակալություն ասեմ նրան (Վիտալինային), ես եկա Մոսկվա և հաշտվեցի Արմեն Բորիսովիչի հետ»,-ասել է Ստեփանը։