Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզապես ապշել կարելի է այն եռանդից, որով քպական իշխանությունը հետևողականորեն ու անդադար մտնում է «հպարտ քաղաքացիների» գրպանը: Տեսեք. գները շարունակաբար աճել ու աճում են: Հարկերը, տուրքերը, տուգանքները, տույժերը բարձրացել են, նաև ավելացել է դրանց «տեսականին»:
Շարքը երկար է: Հիմա էլ հերթը հասավ անձնագրերին: Նոյեմբերի 1-ից կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար պիտի ընդհանուր 34600 դրամ «ցնծաք». կենսաչափական անձնագրի համար՝ 28650 դրամ, ID քարտի համար՝ 5950: Որպեսզի պատկերը լրիվ պարզ լինի, հիշեցնենք, որ նախկինում «սովորական» անձնագրի համար պետվճարն ընդամենը 1000 դրամ էր, իսկ ID քարտի համար՝ 3000 դրամ: Այսինքն՝ հիմա գրեթե 8,5 անգամ շատ ենք վճարելու: Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ հերթական անգամ քաղաքացու գրպանը մտնել:
Որոշ երկրներում կիրառվում են երկու անձնագրի կամ նույնականացման քարտի (պարտադիր) և միջազգային անձնագրի (ըստ ցանկության կամ անհրաժեշտության) համակարգերը: Այսինքն, եթե մարդը երկրից դուրս գալու ցանկություն կամ հնարավորություն չունի, կարող է ունենալ «սովորական անձնագիր» կամ բավարարվել միայն ID քարտով, որը երկրի ներսում լիարժեք կփոխարինի անձնագրին (այսինքն՝ ID քարտը դառնում է պարտադիր): Մյուսները՝ խնդրեմ, թող վճարեն, ստանան իրենց կենսաչափական անձնագրերը. հասկանում ենք, որ ոչ մի երկում դրանք անվճար չեն: Հիմա ստացվում է, որ, օրինակ՝ երբ երեխայի 16 տարին լրանում է, ապա ծնողները մեխանիկորեն պետք է 34600 դրամ վճարեն, որ նա անձնագրավորվի: Նույնը վերաբերում է նաև բոլոր նրանց, ում անձնագրի ժամկետը լրանում է, իսկ կենսաչափական անձնագիր ունենալու հնարավորություն չունեն (վերը նշյալ պատճառով՝ նաև ցանկություն): Ճիշտ է, ՆԳՆ-ից ասում են, թե որոշ խմբերի համար արտոնություններ կամ զեղչեր կլինեն, բայց դա գլոբալ առումով հարցի լուծում չէ, իսկ մարդկանց գրպանները շարունակում են դատարկվել...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում