Տավարի միսը շուրջ 20% թանկացել է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ամանորն այս տարի սպառողի գրպանին ավելի թանկ կնստի: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Վերջինիս խոսքով՝ թանկացումների ֆոնին տոնական սեղան պատրաստելն ավելի ծախսատար կլինի:
«Սեղան պատրաստելը տարբեր արժեք կունենա՝ նայած, թե սպառողն ինչքան գումար կհատկացնի, կամ ինչ չափով ապրանքներ կգնի: Նվազագույն ծախսերով կարելի է 75000 դրամի սահմաններում մի կերպ տեղավորվել»,– նշեց Կարեն Չիլինգարյանը:
Ըստ նրա՝ մեր երկրում արդեն ավանդույթ է դարձել, որ սպառողը տոնական սեղան ունենալու համար վարկ է վերցնում: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ամանորյա թանկացումների հետ կապված բացառություններ չկան:
Առաջին անհրաժեշտության ապրանքների գներն արդեն բարձրացել են: Կարեն Չիլինգարյանն արդեն նախատոնական շուկայում դիտարկումներ է կատարել և պարզել, որ օրեցօր թանկացող ապրանքների շարքում մսամթերքն է:
«Խոզի բդի կիլոգրամը 3000 դրամի սահմաններում է: Չի բացառվում, որ մի քանի օրից հետո այն կրկին կբարձրանա: Տավարի միսն արդեն մի քանի է ամիս թանկացած է: Նախորդ տարվա համեմատ տավարի միսը շուրջ 20% թանկացել է»,– հայտնեց մեր զրուցակիցը:
Մսամթերքի թանկացումը շղթայական գնաճի կհանգեցնի: Անխուսափելի կլինի նաև երշիկեղենի թանկացումները:
«Բաստուրման թանկացել է: Երշիկեղենի մնացած տեսակների գները դեռ չեն փոփոխվել»,– ասաց նա:
Դիտարկումներ նաև բանջարեղենի և մրգի շուկայում է անցկացրել: Կարեն Չիլինգարյանի աչքից բանանի գինը չի վրիպել:
«Սպառողներն ուրախացան, որ մի որոշ ժամանակ առաջ բանանի գինը նվազել էր, բայց այսօր կիլոգրամը 800 դրամի է հասել»,– տեղեկացրեց «Սպառողների խորհրդատվություն կենտրոն» ՀԿ նախագահը:
Կարագի աննախադեպ թանկացման հետևանքով, ըստ Կարեն Չիլինգարյանի, կբարձրանան նաև հրուշակեղենի գները:
«Այն, որ թանկացում լինելու է, մեր փորձը ցույց է տալիս, որ դա անխուսափելի է»,– ասաց նա:
Ընդեղենի և չրեղենի շուկայում գներն աստղաբաշխական են: Ընկույզի գները 5500 դրամից են սկսվում: 6000–7000 սահմաններում է տատանվում հնդկական ընկույզի գները:
Չիլինգարյանի փոխանցմամբ՝ տոնածառի, խաղալիքների և զարդարանքի պարագաների գները գրեթե անփոփոխ են մնացել: Արհեստական տոնածառների դեպքում գնաճ չի արձանագրվել:
«Տարբեր գների տոնածառներ կան, գինը սկսվում է 10000 դրամից մինչև 200 հազար դրամի սահմանները: Նախորդ տարվա մնացած խաղալիքները և այլ դեկորատիվ ապրանքներ ավելի էժան են վաճառվում, որովհետև կա մոդայի փոփոխություն և այլ գործոններ»,– նշեց Չիլինգարյանը:
Հայաստանում տոնական ակտիվ առևտուրը սկսվում է դեկտեմբերի 15–ից 20–ը, իսկ հետո՝ 25–ից 30–ը, ըստ նրա, հենց այս ժամանակահատվածում են կատարվում հիմնական խախտումները՝ գների արհեստական բարձրացումները, որակի անհամապատասխանությունը, պիտանելիության ժամկետների խախտումները:
Կարեն Չիլինգարյանը նաև հիշեցրեց, որ Ամանորից հետո գնաճի երկրորդ ալիքը կբարձրանա, երբ ուժի մեջ կմտնի Մաքսային նոր օրենսգիրքը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում