Իսպանիայի նախկին վարչապետի գրասենյակում հայտնաբերված զարդերը գնահատվել են 1,3 մլն եվրո. El Pais
Իսպանիայի ոստիկանության կողմից երկրի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի (2004-2011) գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավված զարդերի ընդհանուր արժեքը կարող է կազմել մոտ 1,3 մլն եվրո։ Այս մասին հայտնել է El Pais թերթը՝ հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ այս թիվն ավելի քան 25 անգամ գերազանցում է այն գումարը, որը հայտնել էր կառավարության նախկին ղեկավարը։ Զարդերի փորձաքննությունն իրականացրել է ոսկերչական արհեստանոցը՝ քննչական դատավոր Խոսե Լուիս Կալամայի հանձնարարությամբ, որը վարում է Plus Ultra ավիաընկերությանը ֆինանսական օգնություն տրամադրելու հետ կապված հետաքննությունը։ Բացի այդ, որոշ իրեր նույնպես ուղարկվել են Իսպանիայի հեմոլոգիական ինստիտուտ՝ սերտիֆիկացման համար։
Ինչպես նշել է պարբերականը՝ հղում կատարելով հարկային հարցերով զբաղվող փորձագետներին, այժմ առանցքային հարցն այն է, թե երբ և ինչպես են այդ զարդերը հայտնվել Ռոդրիգես Սապատերոյի մոտ, և արդյոք դրանք պատշաճ կերպով հայտարարագրվել են։
Մայիսի 19-ին դատարանը հայտնել էր, որ նախկին վարչապետը հայտնվել է Plus Ultra-ի գործով քննության ներքո։ Նույն օրը ոստիկանները խուզարկություններ են անցկացրել նրա գրասենյակում։ Այնտեղ հայտնաբերված պահարանում իրավապահները գտել են տարբեր ոսկերչական իրեր։