Երեխա ունենալու լավագույն տարիքը
Հղիանալու համար ժամանակի որոշակի «պատուհան» կա: Այն գալիս ու ավելի արագ է անցնում, քան կարելի է պատկերացնել: Եթե ուզում ես մայրանալ, հետևիր մեր խորհուրդներին..
Տեսնելով, թե ինչպես են 40 տարեկանում հայտնի աստղերը երեխա ունենում և ֆանտաստիկ տեղեկություններ իմանալով արհեստական բեղմնավորման մասին' բնական է, որ 20 տարեկան աղջիկները երեխա ունենալը հեշտ հետաձգվող գործ կհամարեն: Բայց մի' ոգևորվիր այդ տեղեկություններով: Ամեն ինչ այնքան էլ այդպես չէ:
«Կանայք անտեղի հույսեր են փայփայում՝ տեսնելով, թե ինչպես են հոլիվուդյան աստղերը 40-ից հետո երեխա ունենում»,- ասում է New England վերարտադրողական բժշկական կենտրոնի տնօրեն, էնդոկրինոլոգ Ժոզեֆ Հիլը և հավելում. «Նրանք չեն հասկանում, որ նման եղանակով հղիանալը մեծ ծախսեր և բուժման բարդ ընթացք է պահանջում: Հայտնի մարդիկ հաճախ չեն էլ ցանկանում նման տեղեկություններով կիսվել:
Կա կենսաբանական ժամացույց. սա պետք է իմանան բոլոր կանայք: Գուցե մտածում ես, թե ճիշտ ժամանակը քեզ հուշելու է բժիշկդ, սակայն բժիշկների մեծ մասը լռում է այս մասին:
Այնպես որ, հղիանալու և առողջ բալիկ ունենալու համար վճռորոշ տասնամյակ գոյություն ունի:
Եվ միշտ պետք է նկատի ունենալ, որ դա 25-ից 35 տարեկանն ընկած ժամանակահատվածն է: Սակայն պետք չէ խուճապի մատնվել, եթե, ասենք, 36 տարեկան ես ու դեռ չես գտել այն մեկին, ում հետ կուզեիր ընտանիք կազմել, կամ եթե 21 ես ու արդեն հղիություն ես տանում: Պետք է պարզապես տեղյակ լինել վերջին ուսումնասիրություններին և իրատես՝ այլընտրանքային ուղիների ընտրության հարցում: Մեր առաջարկած տեղեկությունը յուրացնելուց հետո արդեն կհստակեցնես՝ ուզում ես, արդյոք, սպասել, թե ոչ, կամ' որքան սպասել: