Սփյուռքը կանգնում է եկեղեցու կողքին․ Դոնի Ռոստովում հարյուրավոր հայեր աջակցություն են հայտնում կաթողիկոսին
Գործող իշխանության քայլերը Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ սփյուռքում ընդունվում են սուր արձագանքով։ Այդ մասին վկայում են տարբեր համայնքներում կազմակերպվող ակցիաները, որոնց միջոցով սփյուռքահայությունը հրապարակային աջակցություն է հայտնում եկեղեցուն և հոգևոր առաջնորդին։
Մարտի 29-ին Դոնի Ռոստովում տեղի է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աջակցության հանրահավաք։ Միջոցառումը կազմակերպվել է Սուրբ Խաչ եկեղեցու բակում և համախմբել է ավելի քան 500 մասնակցի։ Հավաքվածները բացահայտորեն արտահայտել են իրենց աջակցությունը հոգևորականությանը՝ ընդգծելով եկեղեցու դերը ազգային ինքնության պահպանման գործում։
Հանրահավաքի ընթացքում հնչել են կոչեր՝ համախմբվելու եկեղեցու շուրջ և անթույլատրելի դարձնելու նրա դեմ ուղղված ցանկացած քայլ։ Մասնակիցները նաև ընդգծել են, որ եկեղեցին հանդիսանում է համազգային կարևորագույն հաստատություններից մեկը, որի հեղինակության և անկախության նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա համարժեք արձագանքի։
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև աջակցության ստորագրահավաքին, որը կազմակերպվում է ինչպես տեղում, այնպես էլ առցանց ձևաչափով։ Մասնակիցներին կոչ է արվել ակտիվորեն միանալ նախաձեռնությանը՝ իրենց դիրքորոշումը հստակ արտահայտելու համար։
Դոնի Ռոստովում տեղի ունեցած հանրահավաքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ սփյուռքահայությունը հետևում է Հայաստանում ընթացող գործընթացներին և պատրաստ է արձագանքել այն քայլերին, որոնք ընկալվում են որպես սպառնալիք եկեղեցու և ազգային արժեքների նկատմամբ։ Նմանօրինակ ակցիաները վկայում են, որ սփյուռքում ձևավորվում է հստակ դիրքորոշում, որը չի համընկնում գործող իշխանության վարած քաղաքականության հետ։