Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հասել է կարիերայում խփած 900 գոլի նշագծին:
Արգենտինացու համար հոբելյանական դարձավ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթում «Նեշվիլի» դարպասն ուղարկած գնդակը (1-1): Ինչպես հայտնում է Inter Miami News Hub-ը, պաշտոնական խաղերում 900 գոլի ցուցանիշին հասնելու համար Մեսսիից պահանջվել է ընդամենը 1142 հանդիպում, ինչը համաշխարհային ֆուտբոլի նոր բացարձակ ռեկորդ է։ Համեմատության համար նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն այս սահմանագիծը հաղթահարել էր իր 1236-րդ խաղում։
Հատկանշական է նաև տարիքային տարբերությունը. Լիոնելը 900 գոլի սահմանագծին հասել է 38 տարեկան 268 օրականում, իսկ նրա պորտուգալացի մրցակիցը՝ 39 տարեկան 213 օրականում։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը «Ինտեր Մայամիի» գույները պաշտպանում է 2023 թվականից։
Չնայած արգենտինացու պատմական նվաճմանը՝ «Ինտեր Մայամին» լքեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկությունը։ Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով։ Քանի որ պատասխան խաղում գրանցվեց 1-1 հաշիվը, արտագնա գոլի կանոնի համաձայն՝ մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց «Նեշվիլը»։
Հավելենք, որ մրցաշարի գործող չեմպիոնը «Կրուս Ասուլն» է, որը նախորդ տարվա խաղարկության եզրափակչում հաղթել էր «Վանկուվեր Ուայթքեփսին»: