Դպրոցականները զրկված են սպորտային պարապմունքներ անցկացնելու հնարավորությունից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Շիրակի մարզի Գեղանիստ համայնքի միջնակարգ դպրոցը վերանորոգման կարիք ունի: Կրթօջախում վերջին նորոգումներն իրականացվել են երկրաշարժից հետո` 1989 թվականին:
Կառույցի պատերը տարիների ընթացքում քայքայվել են, գոյացրել լայն ճեղքեր: Գեղանիստցի 181 աշակերտները սովորում են անմխիթար պայմաններում։
Տանիքը քարուքանդ վիճակում է, գարնանն ու աշնանն անձրևն է դասասենյակները լցվում, իսկ ձմռանը՝ ձյունը։ Պատերի մի մասն էլ քանդվել է։ Երկու տարի առաջ դպրոցի մի անկյունը փուլ է եկել, Արտակարգ իրավիճակներից եկել են, այդ մասում նշան դրել, որ աշակերտները չմոտենան տարածքին:
«Ամեն օր ահ ու դողով ենք երեխեքին դպրոց ուղարկում, մինչև դպրոցից տուն են գալիս, կես մարդ ենք դառնում»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին ծնողները:
Նրանց խոսքով՝ հատկապես անձրևոտ եղանակներին ու ձմռանը իրենց երեխաների կյանքն ավելի է վտանգված։
«Անհնար է դասարանում դաս անել, կաթում է, քանի որ ամբողջ դպրոցը ճաք տված է»,– նշեցին ծնողները։
Տնօրեն Կարինե Ղազարյանի խոսքով՝ դպրոցը վերանորոգման ենթակա է, եթե նորոգվի, այդ ճաքերը կփակվեն ու խնդիրը կկարգավորվի:
Այստեղ շատերին անհանգստացնում է մարզադահլիճի վիճակը:
Դպրոցի մարզադահլիճը քանդված վիճակում է, և աշակերտները զրկված են սպորտային պարապմունքներ անցկացնելու հնարավորությունից։
Ղազարյանն ասաց, որ դպրոցականները մի կերպ են դիմակայում խստաշունչ ձմռան ցրտին, որն անարգել ներս է թափանցում քայքայված պատերի ճեղքերից:
Դասասենյակներն էլեկտրական սալիկներով են տաքացվում, բայց դրանով մարզադահլիճը ջեռուցել հնարավոր չէ:
«Մեծ տարածք է, հնարավոր չէ այդքանը տաքացնել, մանավանդ, այս ֆինանսական սուղ պայմաններում»,– նշեց նա:
Երեխաները դպրոց մտնում են ահ ու սարսափով, վախենալով, որ ամեն րոպե կարող է կառույցի պատերը փուլ գալ գլխներին։
Փուլ եկող դպրոցի վիճակի մասին տեղեկացրել են բոլոր պատկան մարմիններին: Բոլոր տեղերից էլ նույն պատասխանն են ստացել:
Մարզպետարանից հայտնել են, որ մոտակա ժամանակահատվածում համապատասխան ծրագիր լինելու դեպքում դպրոցը կվերանորոգվի։
Մինչ պետությունը գումար կհատկացնի Գեղանիստի դպրոցի բարեկարգման համար, աշակերտները դժվարությունները հաղթահարելով շարունակում են դասերն այն ակնկալիքով, որ հաջորդ տարի կունենան հիմնանորոգված դպրոց, որին սպասում են արդեն տարիներ շարունակ։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում