Յուրաքանչյուր շրջան կունենա առնվազն երկու մթերման կայան. Նարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման իր տեսլականը՝ առանցքային համարելով մթերման կայանների ցանցի ստեղծումն ու գյուղացիական տնտեսությունների համար կանխատեսելի միջավայրի ձևավորումը։
Ըստ Կարապետյանի՝ ծրագրի հիմքում ընկած է տարածաշրջանային մասնագիտացումը։ Արարատյան դաշտը կենտրոնանալու է մրգի և բանջարեղենի մթերման վրա, իսկ Գեղարքունիքի ու Շիրակի մարզերը՝ մսամթերքի, կարտոֆիլի և ցորենի։ Յուրաքանչյուր շրջանում նախատեսվում է հիմնել առնվազն երկու կայան, ինչը կստեղծի առողջ մրցակցություն։
«Կարևոր է, որ գյուղացին ունենա ընտրության հնարավորություն։ Երբ բերքի համար մրցակցեն մի քանի մթերման կայաններ, դա կբերի գների բարձրացման և գյուղացուն հնարավորություն կտա ստանալ լավագույն գինը իր աշխատանքի դիմաց»,-նշել է նա։
Բարեփոխումների մյուս կարևոր կողմը գյուղացու համար ֆինանսական կայունության ապահովումն է։ Մթերման կայանների առկայությունը թույլ կտա հստակեցնել գնային քաղաքականությունը դեռ տարվա սկզբից։
«Գյուղացիները հնարավորություն կունենան տարվա սկզբից իմանալ՝ ինչ գնով են վաճառելու իրենց մթերքը։ Դա թույլ կտա կանխատեսել ծախսերն ու շահույթը՝ առանց սպասելու մինչև տարեվերջ»,-հավելել է նա:
Անդրադառնալով նախկինում հայտարարված 300 000 նոր աշխատատեղերին՝ Կարապետյանը պարզաբանել է, որ գյուղատնտեսության ոլորտում շեշտը դրվում է ոչ թե քանակական ավելացման, այլ արդյունավետության և եկամտաբերության բարձրացման վրա։