Իշխանությունն անցել է անձնական նամակագրություն ստուգելուն
Նիկոլ Փաշինյանի բռնապետական հակումները գնալով ավելի ու ավելի ցինիկ դրսևորումներ են ստանում։ Երեկ հայտնի է դարձել, որ համացանցում արված գրառման համար հերթական քրեական վարույթն է հարուցվել, Ախուրյանից 55-ամյա մի կնոջ ձեռնաշղթաներով տեղափոխել են դատարան և մեկամսյա կալանք են նշանակել։ Թեպետ փաստաբանը կալանավորվածի ինքնությունը չի հայտնում, բայց և նշում է, որ վերջինս ընդդիմադիր «Մեր ձևով» շարժման համակիր է։ Կնոջը մեղադրանք է առաջադրվել հրապարակային բռնության կոչեր իրականացնելու և համացանցի օգտագործմամբ խուլիգանություն անելու համար, ընդ որում, ըստ փաստաբանի, գրառումը հրապարակային չի եղել, այլ մասնավոր նամակագրությունից սկրինշոթ է արվել։
Փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալը նման գրառում ընդհանրապես չի արել, ավելին, ինքն է իրավապահներին հայտնել իր օգտահաշվի կոտրման մասին։ Այս մեկ դրվագը վկայում է, որ փաշինյանական իշխանությունը փորձում է հետևել ընդդիմադիրների ոչ միայն հրապարակային գրագրությանը, այլև անձնական նամակագրությանը, ինչը հենց բռնապետության իրական դրսևորում է։ Իսկ դատարանները վաղուց վերածվել են Փաշինյանի քմահաճույքները կատարող կառույցի և որևէ կերպ չեն խորշում բռնաբարել օրենքը հանուն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքների։
Սոնա Գալստյան