Լուսանկարներ. նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողները վիրահատվել են
Արցախի զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ ստացած զինծառայողներ Գևորգ Հյուսնունցը և Սերգեյ Ալումյանը վիրահատվել են։ Նշենք, որ վերջինս Գորիս քաղաքից է։
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում զինծառայող Սերգեյ Ալումյանի քույրըփոխանցեց, որ իրենք միայն գիտեն, որ վիրավոր զինծառայողները վիրահատության են ենթարկվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, վիճակներն այս պահին կայուն են գնահատվում։
Թե ինչ հանգամանքներում և ինչ վիրավորում է ստացել Սերգեյ Ալումյանը, վերջինիս քույրը չկարողացավ ասել՝ նշելով, որ իրենց ևս հստակ որևէ տեղեկություն չեն տվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը՝ հղում անելով Արցախի ՊԲ լրատվական ծառայության մամուի հաղորդագրությանը, Արցախի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: