Անդրանիկ Իսպիրյան. «Թուրքիան հերթական անգամ ցույց է տալիս, որ Արցախյան հակամարտության հարցում պատրաստ է միջնորդության». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ադրբեջանական գործակալությանը, որտեղ անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին:
Էրդողանը մասնավորապես ասել է. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար արնահոսող վերք է, ինչպես և Ադրբեջանի համար»:
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Թուրքիայի կողմից նմանատիպ հայտարարությունները նորություն են:
Նրա խոսքով՝ Արցախյան հակամարտության սկզբից ևեթ Թուրքիան տարբեր միջոցներով աջակցում է Ադրբեջանին:
«Օգնում է դրամական միջոցներով, զինվորական՝ շատ զինվորներ են Թուրքիայից Ադրբեջան գնացել և կռվել հայի դեմ, նյութատեխնիկական՝ Ադրբեջանն օգտագործում է թուրքական արտադրության հրետանիներ»,– ասաց նա:
Ադրբեջանն ավագ եղբորից նաև քաղաքական աջակցություն է ստանում:
«Արցախյան հիմնախնդրի հետ կապված Թուրքիան միջազգային տարբեր հարթակներում հակահայկական քարոզչությամբ է հանդես գալիս: Որոշակի քվեարկություններում ի օգուտ հակահայկական բանաձևերի Ադրբեջանի հետ համերաշխ քվեարկություն է կատարում: Էրդողանի հայտարարությունը մենք դիտում ենք այդ ամբողջի մեջ որպես հերթական շարքային խոսք»,– նշեց թուրքագետը:
Անդրանիկ Իսպիրյանը ընդգծեց, որ Թուրքիան փորձում է աշխարհին ցույց տալ, որ հակամարտության հարցում պատրաստ է միջնորդության:
«Հայկական իշխանությունները բազմիցս շեշտել են, որ Թուրքիան չի կարող միջնորդ լինել, քանի որ իր հայտարարություններով և գործողություններով որպես հակամարտող կողմ է հանդես գալիս: Սա Ադրբեջանի հասարակության ականջին հաճո հերթական հայտարարությունն է: Թուրքիան և Ադրբեջանը իրենց ձեռքբերումները միասնական են համարում: Հաջորդին այլ բան կասի՝ Հայաստանը սխալ է անում, մեր «հողերը» պետք է մեզ տան: Նման խոսքեր էլի ենք լսել»,– եզրափակեց մեր զրուցակիցը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում