ՌԴ–ում ահաբեկչական հարձակում ծրագրած ադրբեջանցին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման
Անչափահաս ադրբեջանցին ահաբեկչական հարձակում է նախապատրաստել ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզում: Երիտասարդը կամավոր կերպով անդամակցել է միջազգային ահաբեկչական կազմակերպությանը, ռուսական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ հաղորդում է տարածաշրջանային ԱԴԾ վարչության մամուլի ծառայությունը։
Տղան վերապատրաստում է անցել և գնել ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներ։
Դեռահասը համացանցում քարոզել է ահաբեկչական կազմակերպության գործունեությունը, տարածել դրա խորհրդանիշները և պատրաստվում էր ահաբեկչական հարձակում իրականացնել տարածաշրջանում: ՌԴ ԱԴԾ աշխատակիցները պարզել են նրա ծրագրերի մասին։
Նրա բնակարանի խուզարկության ժամանակ առգրավվել են արմատական կրոնական գրականություն, հեռախոսներ, Ադրբեջանի դրոշներ, սառը և պնևմատիկ զենքեր, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներ։
Հաղորդվում է, որ դատարանը դեռահասին դատապարտել է ութ տարվա ազատազրկման։