Օգոստոսի առաջին տասնօրյակում Հայաստանում անոմալ շոգը դեռ կպահպանվի. Գագիկ Սուրենյան
Հայաստանն ամբողջ օգոստոսին լինելու է հարավից ներթափանցած արևադարձային տաք հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կլիմայական նորմայից 2-3 աստիճանով բարձ կլինի, տեղումների քանակը` նորմայից պակաս։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ամբողջ հուլիս ամսվա ընթացքում Հայաստանը եղել է տաք օդի ալիքի ազդեցության տակ, սակայն առավելագույնին հասել է օգոստոսի 2-ին, երբ Երևանում ջերմաստիճանը հասավ 41.9 աստիճանի՝ գերազանցելով տվյալ օրվա՝ 2020 թվականին դիտված 40.8 աստիճանը։ Իսկ Հայաստանի մեկ այլ հատվածում՝ Երևանում, ջերմաստիճանը հասել է 42.6 աստիճանի, հիշեցրեց նա։
«Բայց պետք է նշեմ, որ այս տաք օդի ալիքի դեպքում էլ դեռևս մեր պատմական առավելագույնը չենք գերազանցել։ Հանրապետության պատմական առավելագույնը դիտվել է 2011 թվականի հուլիսի 3-ին՝ Մեղրիի հատվածում՝ 43.7 աստիճան, իսկ Երևանում՝ 2018 թվականի հուլիսի 12-ին՝ 42.4 աստիճան»,– ասաց Սուրենյանը։
Խոսելով հրդեհավտանգ իրավիճակից՝ պայմանավորված բարձր ջերմաստիճաններով, Սուրենյանը հորդորեց քաղաքացիներին առավելագույն զգուշություն ցուցաբերել։
«Հանրապետությունում կան գոտիներ, որոնք առավել խոցելի են՝ Կոտայքի, Արագածոտնի մարզերը, Վայոց Ձորի նախալեռնային հատվածները, Արարատյան դաշտը՝ իր ամբողջ լեռնային գոտով, Սյունիքի հովիտները և Երևանը։ Այս հատվածներում ստեղծվել է հրդեհավտանգության վերջին՝ 5-րդ կարգի իրավիճակ»,– նշեց Գագիկ Սուրենյանը։