Թյուր տվյալների հաշվին բնակչության թիվը գերագնահատվում է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ»–ի նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թ. առաջին եռամսյակում ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2981500 մարդ: 2017 թ. երկրորդ եռամսյակում այդ թիվը նվազել է՝ հասնելով 2979900–ի: Սա փաստում էր այն մասին, որ առաջին եռամսյակի նկատմամբ երկրորդ եռամսյակում մշտական բնակչության թիվը 1600–ով նվազել է: Իսկ 2016 թ. մշտական բնակչության ցուցանիշը գերազանցում էր 2017 թ. թե՛ առաջին և թե՛ երկրորդ եռամսյակային տվյալներին: Նախորդ տարի ՀՀ մշտական բնակության թվաքանակը կազմել է 2986100 մարդ: 2016 թ. տվյալների համեմատ՝ 2017 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 6200–ով:
Ժողովրդագետ Ռուբեն Եգանյանի տվյալներով՝ իրավիճակն իրականում ավելի վատ է, քան ԱՎԾ–ի տվյալներն են:
«Այդ թվերը նախնական պայմանական մեծություններ են, դրանք իրականությունից շատ հեռու են: Իրականում մարդկանց թվաքանակի նվազումը շատ ավելի մեծ է, քան 1600–ը, կամ 6200–ը: Եթե նայենք ՍԵԿՏ համակարգի թվերը, ապա տարվա վերջում իրականում մոտ 30–40 հազար մարդկանց բացասական մնացորդ կունենանք»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ռուբեն Եգանյանը:
Անդրադառնալով ԱՎԾ տվյալներին, նա ընդգծեց, որ վերոնշյալ տվյալները բնակչության շարժի ցուցանիշն են:
«Ծնելիության, մահացության և միգրանտների գալու և գնալու հաշվին բնակչության թիվը շարունակաբար փոփոխվում է: Կարծում եմ՝ տվյալ դեպքում այդ նվազումը պայմանավորված է միգրացիոն գործընթացներով: Ավելի շատ միգրանտներ գնացել են, քան եկել: Բայց դրանք դեռևս ամբողջական տվյալները չեն: Վերջնական ու ավելի հավաստի տվյալները տարվա վերջում կլինեն:
Այդ ցուցանիշները պայմանական են նաև այն պատճառով, որ միգրացիայի հաշվառումը մեզ մոտ այնքան էլ հաջող չի կատարվում»,– ընդգծեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե ո՞րն է անհաջող հաշվառման պատճառը, Ռ. Եգանյանը պատասխանեց. «Մարդկանց հիմնական մասը պաշտոնապես որևէ ձևով չի արձանագրում իր միգրացիոն ուղևորությունները, այդ պատճառով մենք միշտ միգրացիայի վերաբերյալ թյուր տվյալներ ենք ունենում: Այդ թյուր տվյալների հաշվին էլ մենք շարունակ գերհաշվառում ու գերագնահատում ենք մեր բնակչության թիվը: Եթե վեց և ավելի ամսով Հայաստան եկող կամ երկրից գնացող մարդիկ պահպանեն առկա միգրացիոն հաշվառման հանձնարարականները, ամեն ինչ հստակ կլինի: Բայց քանի չեն պահպանում և մարդկանց շատ փոքր մասն է հետևում այդ հանձնարարականներին, մենք հստակ թվեր չենք իմանա: Հստակ չի լինի՝ ինչքան գնացին, ինչքան եկան:
Իսկ հարցին, խնդիրն իրականում մարդկա՞նց, թե պետական վերահսկողության մեջ է, Ռ. Եգանյանը պատասխանեց. «Իրականում ինչ–որ տեղ միգրանտների խնդիրն է: Բացի այդ՝ նաև, այո, պաշտոնական մարմինների խնդիրն էլ կա: Համենայն դեպս, պետական մարմինները հետևողականություն կամ որոշակի փորձեր չեն անում այդ իրավիճակը քիչ թե շատ շտկելու համար»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում