Ի ՞նչ «զոհաբերություններ» է արել այս անգամ Հայկ Մարությանը. Երևանում կայացավ «Սուպեր մամա 2»-ի պրեմիերան
Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Սուպեր մամա 2» կինոկատակերգության փակ ցուցադրումը, որից առաջ ստեղծագործական խմբի անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին: Ֆիլմի ռեժիսորներն են Արման Մարությանը և Վահագն Խաչատրանը, պրոդյուսերները ՝ Սերգեյ Հարությունյանն ուՀայկ Մարությանը:
Սցենարի հեղինակներն են Ռոբերտ Մարտիրոսյանն ու Արման Մարությանը:Դերերում՝ Հայկ Մարության, Անի Խաչիկյան, Գարիկ Պապոյան, Լիլի Էլբակյան, Արսինե Նավասարդյան, Արման Նավասարդյան, Հրաչ Մուրադյան, Լևոն Հարությունյան, Անդրանիկ Հարությունյան, Ռաֆայել Երանոոսյան,Ելենա Եսայան, Ռուզան Վիթ Մեսրոպյան, Նարինե Ոսկանյան,Սեպուհ Ապիկյան, Էվա Խաչատրյան, Իշխան Ղարիբյան և այլ դերասաններ: «Սուպեր մամա 2»-ում ևս գլխավոր հերոսը՝ Կարենը, դառնում է Կարինե, սակայն այս անգամ նպատակը բարի է՝ փրկել կնոջը բանտից:
Հայկ Մարությանը պատմեց, որ ֆիլմի հետ կապված աշխատանքները տևել են երկու տարի: Հայկի խոսքով՝ «Սուպեր մամա 1»-ը ռոմանտիկ կինոկատակերգություն էր, սա՝ արկածային կինոկատակերգություն: « «Սուպեր մամա 1» ֆիլմն ամբողջական էր, սակայն մարդկանց հետաքրքրում էր, թե ինչ է լինում այդ ընտանիքի հետ, ինչպես է շարունակվում նրանց կյանքը:․ Ոչ թե պատմության կիսատ լինելը, այլ պատմության հաջողությունը բերեց դրան»,-նշեց դերասանը։ Հիշեցնենք՝ Հայկոն հայտնել էր, որ «Սուպեր մամա 1»-ի համար վաճառել է բնակարանը: Past.am-ը փորձեց ճշտել՝ ի՞նչ «զոհաբերություններ» են եղել այս անգամ: Պրոդյուսերն ասաց, որ այս անգամ վաճառել է ավտոմեքենան, ներդրել է անձնական գումարները, իսկ պակասորդ գումարը լրացրել է վարկով:
Մեր հարցին՝ որքա՞ն է բյուջեն, Հայկը պատասխանեց. «Այս ֆիլմը մոտ 2 անգամ ավելի թանկ է, քան «Սուպեր մամա 1»-ը։ Երբ ֆիլմը դառնում է արկածային, այնտեղ շատանում են շարժումները, նկարահանումները բարդանում են, դեկորացիաները շատանում են, բյուջեն արագ սկսում է աճել: Բյուջեի հաշվարկային թիվը կազմում է մոտ 400 հազար դոլար, իսկ իրականը՝ վերջում պարզ կդառնա, երբ մեծ հաշվարկ արվի»։
Անդրադառնալով իր կերպարին՝ շոումեն, դերասան Գարիկ Պապոյանն ասաց. «Եթե մինչ այս կերպարը մարմնավորելն ուղղակի ինձ մոտ հարց էր առաջանում՝ շատ դիմահարդարում կրող աղջիկների հետ կապված, հիմա առհասարակ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ապրել այդ make up-ով: Աղջիկներն ասում էին՝ տեսա՞ր, հիմա մեզ հասկացա՞ր։ Չգիտեմ՝ ինչո՞ւ ես պետք է հասկանայի ձեզ, բայց այո, հիմա ձեզ հասկացա։ Խնդիրներ ունեի կերպարի ձայնը կերտելու հետ:
Մի քանի անգամ խաղացել էի կանանց կերպարներում, բայց դա կեղծամով և զգեստով սահմանափակվում էր, բայց 13 ժամ լինել այդ շպարով, որն անընդհատ թարմացնում էին, նման բան իմ կյանքում չէր եղել, ու հուսով եմ՝ էլ չի լինի»։ Հայկ Մարությանը նաև հավելեց. « Ֆիլմում կարևոր է ընտանիքի գաղափարը, հայր և որդի հարաբերությունները, թե ինչպես որդին կարող է դժվար պահին օգնել հորը, ինչպես կարող է ամուսինը զոհել իրեն՝ հանուն կնոջ: Դա մեզ համար շատ կարևոր էր։ Ֆիլմը երջանիկ ավարտ է ունենում, և ընտանիքի սերը հաղթահարում է բոլոր խոչընդոտները»։ Հոկտեմբերի 5-ից «Սուպեր մամա 2»-ը կարող եք դիտել Հայաստանի կինոթատրոններում: